Իշխանության ջանքերով չկայացավ կոնսենսուսը. Հայտարարություն
ԱԺ ՀԱԿ և ԱԺ ՕԵԿ խմբակցությունները այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում նշվում է հետևյալը.
«Ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով ձևավորված 4+4+4 ձևաչափի բանակցություններն ավարտվեցին:
Ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կողմից միասնականորեն առաջ քաշած խնդիրների լուծումը, որոնք միջազգային հանրության կողմից, ինչպես նաև դիտորդական կազմակերպությունների (մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) զեկույցներում բազմիցս նշվել են, որպես ընտրական համակարգի արատներ, ըստ էության, մերժվեց իշխանությունների կողմից:
Մենք՝ բանակցային ձևաչափի մասնակիցներս, հայտարարում ենք.
- Իշխանության ջանքերով չկայացավ երկրի ու հասարակության համար այդքան անհրաժեշտ կոնսենսուսը` ընտրական գործընթացը ազատ, արդար ու թափանցիկ դարձնելու, ընտրական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար: Ուստի լայն կոնսենսուսի բացակայությամբ ընդունվելիք Ընտրական օրենսգիրքն ավելի է խորացնելու իշխանության և ժողովրդի միջև առկա անջրպետը:
- Ընտրական արատավոր ավանդույթները շարունակվում են: Սրա վառ ապացույցն են ապրիլի 17-ի ՏԻՄ ընտրությունները: Առավել ակնառու կերպով դրանք դրսևորվեցին Հրազդանի և Թալինի քաղաքապետերի ընտրություններում:
- Մենք շարունակելու ենք Ընտրական օրենսգրքի նախագծի արմատական բարեփոխմանն ուղղված մեր ջանքերը` դա դիտելով Հայաստանի ժողովրդավարացման, ներքին կայունության ապահովման կարևորագույն միջոց:
Իշխանությունները պետք է գիտակցեն, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն հանրային վստահության պայմաններում: Իսկ դրան հասնելու լավագույն ճանապարհը ներքին կյանքում և մասնավորապես ընտրական համակարգում արմատական բարեփոխումներն են և ընտրակեղծարարության համակարգի իսպառ կազմալուծումը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան