Մեզ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի կյանքը. Սերժ Սարգսյան
Արցախում Պաշտպանության բանակի զորամասերից մեկում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար մի խումբ զինծառայողների պետական պարգևներ հանձնելիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայրենիքի զինվորներին և անփորձանք ծառայություն մաղթել նրանց: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում մասնավորապես, նշել է.
«Պարոնա´յք սպաներ, զինվորներ,
Դուք հերթական անգամ ցույց տվեցիք բոլորին, թե ով է հայ զինվորը, ով է Հայրենիքի զինվորը: Երբ անհրաժեշտ է կռվել, դուք դառնում եք ամենակարգապահ, ամենահնարամիտ և ամենամարտունակ զինվորը:
Տարիներ առաջ ես ասել եմ, որ եթե մենք պարտադրված լինենք պատերազմել, ապա այսօրվա զինվորն ու սպան կռվելու են ոչ պակաս քաջ, քան իրենց հայրերը, իրենց պապերը, իրենց ավագ ընկերները: Դուք ապացուցեցիք, որ շատ ավելի մարտունակ եք, շատ ավելի քաջ եք, շատ ավելի տոկուն եք: Ժամանակները փոխվում են, փոխվում են պատերազմելու միջոցները, բայց բարոյահոգեբանական որակները մնում են նույնը: Մնում են նույնը ու հաղթում են:
Զինվորը հակառակորդին բան չունի ասելու. զինվորը հակառակորդին իր ասելիքն ասում է մարտի դաշտում, և փա՛ռք ձեզ, ի դեմս ձեզ՝ մեր բոլոր սպաներին ու զինվորներին, ովքեր կարողացան իրենց ասելիքն ասել: Այդ դաժան օրերին որևէ հայ զինվոր ու սպա չի լքել իր մարտական դիրքը, նվիրումով կռվել է մինչև վերջ:
Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով, կրակելով մինչև վերջին փամփուշտը և լինելով վիրավոր, նռնակ է պայթեցնում, որպեսզի իր հետ տանի նաև հակառակորդի զինվորներին:
Ինչպես հնարամիտ չանվանես այն զինվորին, ով նռնականետից կրակում և ոչնչացնում է ուղղաթիռ: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով մարտի ընթացքում շարքից հանում է հակառակորդի հինգ զրահամեքենա: Դուք լավ եք կատարել և լավ եք կատարում ձեր պարտականությունները: Ցավոք սրտի, պատերազմը շատ դաժան բան է: Բոլորը չէ, որ իրենց երկրային կյանքում տեսնում են իրենց աշխատանքի արդյունքը, իրենց վաստակի պտուղները, նաև թե իրենցով ինչպես են հպարտանում:
Փա՛ռք մեր բոլոր զինվորներին և սպաներին, ովքեր ընկան այս օրերի ընթացքում ու նաև փա՛ռք նրանց, ովքեր այս 25 տարիների ընթացքում ընկել են մեր ազատության, մեր անկախության համար:
Մեզ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի կյանքը, իսկ Ադրբեջանում իրենց քաղաքական նկրտումներին հագուրդ տալու համար պատրաստ են մահվան բերան ուղարկել հարյուրավոր, հազարավոր զինվորների: Նրանք իրենց զինվորներին այլ բան են սովորեցնում, նրանք հպարտանում են, երբ իրենց զինվորները սպանված հակառակորդի, այսինքն` մեր զինվորների ու սպաների, ականջներն են կտրում, նրանք դա նորմալ են համարում, երբ իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումների անդամները, լեզուս չի պտտվում զինվոր ասելու, կտրում են 90 տարեկան սպանված ծեր մարդկանց ականջները: Այդպիսի զինվորը չի կարող նորմալ զինվոր համարվել, այդպիսի դաստիարակությունը լավ տեղ տանել չի կարող:
Դա ահաբեկիչներին հատուկ գործելաոճ է, իսկ ահաբեկիչ բառի հիմքում կա նաև ահաբեկել բառը, այսինքն` նրանք ուզում են մեզ ահաբեկել, ուզում են մեզ վախեցնել, ինչը, բնական է, նրանց չի հաջողվի: Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուրկ և անազատ: Մենք դա չենք կարող անել:
Փա՛ռք ձեզ, Հայրենիքի զինվորներ, փա՛ռք մեր ընկածներին, փա՛ռք մեր զորքին: Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք բոլորս միասին, յուրաքանչյուրս մեր տեղում կատարելու ենք Հայրենիքի զինվորի պարտականությունները, իսկ այդ պարտականությունները սուրբ են:
Անփորձանք ծառայություն, թեև պատերազմի ժամանակ այս բառերը մի տեսակ լուրջ չեն հնչում: Փա՛ռք ձեր ծնողներին, փա՛ռք այն ընտանիքներին, որտեղ դուք ծնվել ու դաստիարակվել եք, փա՛ռք ձեր ուսուցիչներին: Շնորհակալ եմ»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Նախագահը Արցախում պետական բարձր պարգևներով պարգևատրել է Հայրենիքի զինվորներին
- ՀՀ նախագահն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին