ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդիրը դեռևս մասնակի է լուծվել. Քրմոյան
Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում առկա է գերբեռնվածության խնդիր, սակայն այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանք է կատարվել, խնդիրը մասնակի լուծվել է: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Ըստ նրա, «Արմավիրի» քրեակատարողական հիմնարկի բացմամբ շուրջ 1200 դատապարտյալի համար ստեղծվել է ժամանակակից նոր հիմնարկ, այժմ տարբեր ՔԿՀ-ներից դատապարտյալների տեղափոխման գործընթացն է:
Պատասխանելով հարցին, թե ահազանգեր կային, որ ՔԿՀ-ներում դատապարտյալները հերթով են քնում, արդյո՞ք այդ խնդիրը լուծվել է, Ս.Քրմոյանն ասաց, որ այստեղ խնդիրն այն է, որ խցերում ավելի շատ մարդիկ կային, նվազագույն նորմատիվի խնդիր կար. «Հիմնականում նման խնդիր կար «Նուբարաշեն»-ում: Այժմ այնտեղից կալանավորված անձանց մի մասին տեղափոխում ենք «Արմավիր» քրեակատարողական՝ թեթևացնելով «Նուբարաշեն»-ի պայմանները»:
Ս.Քրմոյանը նաև տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, պայմաններն են բարելավվում, մինչև տարեվերջ արդյունքները տեսանելի կլինեն: