Փոխնախարար. ՀՀ քրեական արդարադատության ոլորտում առկա բոլոր օրենքները, փաստաթղթերը փոխում ենք
Հայաստանի քրեակատարողական ոլորտում գրեթե որևէ ենթաոլորտ չկա, որտեղ բարեփոխումներ չեն իրականացվում: «Քրեական արդարադատության մոտեցումները Հայաստանում բանտերի գերբնակեցման խնդրին» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Ըստ նրա, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացմամբ բանտերի գերբեռնվածության խնդիրը որոշ չափով լուծվել է: Փոխնախարարի համոզմամբ, ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրումը նույնպես կնպաստի գերբեռնվածության խնդրի լուծմանը: Նա կարևորեց կադրային ապահովածության խնդիրը, նշեց, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվում է բանտային առողջապահության ծրագիրը: Փոխնախարարի խոսքով, քրեակատարողական ծառայությունը նաև էներգախնայողության ծրագիր է իրականացում, որը հնարավորություն կտա տասը ՔԿՀ-ներում ապահովելու բնակության համար իդեալական ջերմային, հիգիենիկ պայմաններ:
Ս.Քրմոյանն ասաց, որ ՀՀ քրեական արդարադատության ոլորտում առկա բոլոր օրենքները, հիմնական փաստաթղթերը փոխում են, համապատասխանեցնում եվրոպական չափանիշներին, փորձում են դատապարտյալի կենցաղի, զբաղվածության հետ կապված հարցեր լուծել:
Քննարկմանը ներկա Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանն ասաց, որ ԵՄ-ն աջակցել և աջակցում է այն փոփոխություններին, որոնք կատարվում են քրեական, քրեադատավարական օրենսգրքերում:
«Մենք իրականացնում ենք նաև մի շարք ծրագրեր, որոնցից մեկն ուղղված է բանտային հաստատություններում առողջապահական ծրագրերին, ինչպես նաև գերբեռնվածության խնդրի լուծմանը»,- ասաց նա:
Նշենք, որ կլոր սեղանին մասնակցում են արդարադատության նախարարության, քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ, ԱԺ անդամներ, դատավորներ, դատախազներ, Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների անդամներ: Հանդիպման նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանում և Արևելյան գործընկերության երեք այլ երկրում ՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, բանտերի գերբնակեցման դեմ պայքարի, կանխարգելման վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները: Կլոր սեղանը հաջորդում է «Քրեական արդարադատության մոտեցումները Արևելյան գործընկերության երկրներում բանտերի գերբնակեցման խնդրին» թեմայով Թբիլիսում այս տարվա փետրվարին կայացած կոնֆերանսին:
Կլոր սեղանը «Քրեակատարողական ոլորտում բարեփոխումների աջակցություն (անցում պատժողական մոտեցումներից դեպի վերականգնողականին)» ավելի ծավալուն ծրագրի մաս է, որն իրագործվում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի համար Եվրոպայի միության և Եվրոպայի խորհրդի Ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակում: