Միհրան Պողոսյանն այնպիսի «հուզիչ» նամակ էր գրել, ասես, պարտավոր ենք շնորհակալություն հայտնել իրեն. «168 Ժամ»
«168 Ժամ»-ն անդրադառնալով ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի՝ երեկ ներկայացրած հրաժարականին և հրաժարականի դիմումին ուղեկցող տեքստում առկա հիմնավորումներին, թե անընդունելի է համարում, որ իր անձը պատճառ դառնա «իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի», թերթը մեկնաբանել է. «Միհրան Պողոսյանը գրել է այնպիսի տոնով, կարծես հայ հասարակությունը դեռ պարտավոր է շնորհակալություն հայտնել իրեն` «Ալիևի ռեժիմի միջև քաղաքակրթական զուգահեռ» թույլ չտալու համար: Իրականում, այն, ինչի համար Միհրան Պողոսյանի անունը հայտնվել է «Պանամյան փաստաթղթերում»` օֆշորային սկանդալում, ենթադրում է տեղական և ոչ միայն՝ օրենսդրության կոպտագույն խախտումներ, խոշորամասշտաբ հարկերից խուսափում` դրանից բխող քրեական հետևանքներով: Հրաժարականով այդ սկանդալից դուրս գալը նշանակում է՝ ունենալ նաև «չդատվելու» մենաշնորհ:
Բանն այն է, որ «Պանամյան փաստաթղթերի» հրապարակումից հետո տեղեկատվություն հրապարակվեց, որ միջազգային մի շարք կառույցներ ՀՀ իշխանություններից պահանջել են քննել Միհրան Պողոսյանի մասին հրապարակված տվյալները: Այնպես որ, Միհրան Պողոսյանը հրաժարական է տվել, որպեսզի Հայաստանն ավելի խոշոր միջազգային սկանդալում չհայտնվի: Այսինքն` նա հրաժարական է տվել` հանուն «մնացածի օֆշորային կյանքի շարունակության»:
Ի դեպ, հետաքրքիր է` ԴԱՀԿ-ն Միհրան Պողոսյանի ունեցվածքի վրա կալանք կդնի՞, որպեսզի վերջինս չկարողանա բացակայել երկրից: Հազարավոր քաղաքացիների Միհրան Պողոսյանի անունը հայտնի է հենց դրա «շնորհիվ»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան