Քառօրյա պատերազմի անուղղակի ազդեցությունը մեր տնտեսության վրա ավելի մեծ կարող է լինել, քան ուղղակի ազդեցությունը. տնտեսագետ
Քառօրյա պատերազմի անուղղակի ազդեցությունը մեր տնտեսության վրա ավելի մեծ կարող է լինել, քան ուղղակի ազդեցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կառլեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե քառօրյա պատերազմն ինչպե՞ս կանդրադառնա մեր երկրի տնտեսության, մասնավորապես, ներդրումների և տուրիզմի վրա:
Տնտեսագետի խոսքերով՝ ներդրումների մասով որոշակի նվազում կանխատեսվում է, և օտարերկրյա կապիտալի ներհոսքը կարող է քչանալ:
Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա Կառլեն Խաչատրյանը հույս ունի, որ ռուս զբոսաշրջիկների հոսք կլինի` հաշվի առնելով այն, որ թուրքական և արաբական հանգստավայրերը ռուսների համար «փակ» են:
«Ռուսաստանի քաղաքացիների միայն 10 տոկոսն ունի արտերկրի անձնագիր, ուստի ներքին անձնագրերի հաշվին կարող են Հայաստան և ԵՏՄ մյուս երկրներ այցելել»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ արդյունաբերությանը, հատկապես` ռազմական արդյունաբերության զարգացմանը պետք է զարկ տալ:
«2016 թվականը շատ ավելի լավ մեկնարկային պայմաններով ենք սկսել, քան` 2015-ը, ու եթե այս զարգացումները չլինեին, հնարավոր կլիներ հասնել նախանշած 2,5 տոկոսանոց աճին: Իհարկե, իրավիճակը ծայրահեղ վատ չէ, նպատակային թիրախավորված տնտեսական քաղաքականության շնորհիվ հնարավոր կլինի չեզոքացնել պատերազմի վնասները»,- ասաց Կառլեն Խաչատրյանը:
Հարցին, թե ռազմական ծախսերի ավելացումը ինչ ահետևանք կարող է թողնել բյուջեի վրա, Կառլեն Խաչատրյանն ասաց, որ ռազմական ծախսերի ավելացումը պետք է լինի բյուջեի մյուս ծախսերի հաշվին:
«Բայց, բնականաբար, անվտանգության, պաշտպանական նկատառումներից ելնելով, այդ ծախսերը կարող է արդարացված լինեն»,- ընդգծեց տնտեսագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան