Հանրային պաշտպանը ահազանգում է Panorama.am-ին
Հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը իր վարույթում գտնվող մի քրեական գործով Panorama.am-ին ահազանգում է դատավորի թույլ տված անօրինականության մասին:
Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
«2016թ. մարտի 9-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյան, մի քրեական գործով կայացրած դատավճռով պաշտպանյալիս՝ Ալբերտ Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտել է ազատազրկման:
Դատարանի կողմից պատժի տեսակի ընտրության հիմնավորումները այս գործով բացառիկ են՝ քրեական օրենսգրքով սահմանված՝ պատժի հասկացությանը և նպատակներին, ինչպես նաև պատիժ նշանակելու սկզբունքներին ակնհայտորեն հակասելու իմաստով:
Մասնավորապես, վերոհիշյալը վերաբերում է Դատարանի կողմից «տուգանք» տեսակի պատժաչափը ամբաստանյալի նկատմամբ կիրառելու անհնարինության հիմնավորմանը, այն է՝ «... Տուգանք պատժատեսակը նշանակելով չի կարող ապահովել պատժի նպատակները, ուղղել պատժի ենթարկված անձին, բացի այդ Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ ամբաստանյալը չունի մշտական բնակության վայր, չի ունեցել բավարար միջոցներ փաստաբանին վարձատրելու համար և դատարանից խնդրել է իր շահերը պաշտպանելու համար ապահովել հանրային պաշտպանով... »:
Վստահ եմ, որ որևէ ամբաստանյալ՝ կանխավ տեղեկացված լինելով, որ հանրային պաշտպան ունենալը ի սկզբանե բացառելու է իր նկատմամբ տուգանք տեսակի պատիժ նշանակելու հնարավորությունը, կգերադասեր պաշտպանվել ինքնուրույն:
Տվյալ գործով հանրային պաշտպան ունենալը ըստ էության դիտարկվել է որպես ամբաստանյալի նկատմամբ պատժի առավել խիստ տեսակն ընտրելու հիմնավորում: Դատարանի կողմից պատիժ նշանակելու քրեաիրավական սկզբունքները /ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածներ/ կոպտորեն ոտնահարող նման պատճառաբանությունը էականորեն խախտում են նաև անձի պաշտպանության, մասնավորապես՝ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, քանի որ իրավաբանական օգնության համար վճարելու հնարավորություն չունենալը ինքնին չի նշանակում, որ ամբաստանյալը առհասարակ զուրկ է որևէ ֆինասնական միջոցից:
Նշված պատճառաբանությունն ակնհայտորեն դուրս է պատիժ նշանակելու քրեաիրավական սկզբունքների տրամաբանությունից: ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:
Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները..: ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով սպառիչ թվարկված են անձի՝ պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները, որոնց ցանկը սպառիչ է, քանի որ պատիժ նշանակելիս դատարանը չի կարող հաշվի առնել այդ հոդվածի առաջին մասով չնախատեսված այլ հանգամանքներ:
Այս դեպքում, սակայն, Դատարանը թեև ձևականորեն նշել է որ ամբաստանյալի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամաներ առկա չեն, այնուամենայնիվ փաստացի հանրային պաշտպան ունենալու հանգամանքը դիտարկել է որպես պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ դրանով պատճառաբանելով տուգանք տեսակի պատիժը նշանակելու աննպատակահարմարությունը և ազատազրկումը որպես պատժատեսակ ընտրելու անհրաժեշտությունը:
Նշվածը ակնհայտորեն խախտում են վերը թվարկված օրենսդրական նորմերի տառին և բովանդակությանը և խաթարում են արդարադատության բուն էությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան