Ունենք հեռահար միջոցներ, որոնք կհասնեն մինչև Բաքու. ՊՆ պաշտոնյա
«Մենք ունենք հեռահար այնպիսի միջոցներ, որոնք մինչև Բաքու կհասնեն: Եթե մենք այս ամենը չունենայինք, ապա Ադրբեջանն ինչ-որ տեղ իրեն զսպված չէր զգա»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում ասաց ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը:
Անդրադառնալով քննադատություններին, թե քառօրյա պատերազմի օրերին մեր հետախուզությունը լավ չի աշխատել, Բալայանն ասել է, որ եթե հետախուզական տվյալներ չունենայինք, հնարավոր չէր լինի ամբողջովին դիմակայել ադրբեջանական լայնածավալ հարձակմանը:
Գնդապետը նշել է, որ մենք, իհարկե, արբանյակային հետախուզություն չունենք, սակայն հետախուզական առումով շատ լուրջ հնարավորություններ ունենք և ադրբեջանական զորքերի ողջ տեղաշարժից տեղյակ ենք:
Դանիել Բալայանը հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, թե պաշտպանության նախարարությունը չի համագործակցում ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ:
«Եթե ինչ-որ պատճառներով գործարքը մեկ, երկու, երեք հոգու հետ չի կատարվել, չի նշանակում, թե ՊՆ-ն այդ գործառույթներով զբաղված չէ: Եթե մենք չկիրառեինք միաժամանակ նաև բարձր տեխնոլոգիաները, ապա այս 4 օրվա պատերազմի ընթացքում բավականին լուրջ պարտություններ կունենայինք»,- ասել է գնդապետը՝ միաժամանակ նշելով, որ հայ մասնագետների առաջարկած սարքերի արժեքը շատ բարձր է, և կիրառման ժամանակ դրանք հաճախ չեն ապահովում իրենց իսկ կողմից նախանշած չափանիշները: