ՀՀ ԳԱԱ. Թուրք-ադրբեջանական հակահայկական գործակցությունն ուղղված է նաև ողջ քաղաքակիրթ հանրության դեմ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան այսօր կայացած ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովում հայտարարություն ընդունեց Արցախի դեմ ռազմական գործողությունների կապակցությամբ.
«Սույն թվականին ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովն ընդունեց հայտարարություն Արցախի դեմ ռազմական գործողությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է. «ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության կողմից սույն թվականի ապրիլի 2-ի լույս գիշերը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունը, որի հետևանքով զոհվեցին զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Այդ ընթացքում հրետակոծությունից անմասն չմնացին նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերը: Ռազմական ագրեսիայի միջոցով Ադրբեջանը ձգտում էր վերազավթել բոլշևիկյան կուսակցության Կովկասի բյուրոյի ապօրինի որոշմամբ 70 տարի Ադրբեջանի կազմում օկուպացված և 1991 թ. իր անկախությունը հռչակած Արցախը և ավարտին հասցնել արցախահայության նկատմամբ իր կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը:
Ադրբեջանի այս սադրանքն իրականացվել է Թուրքիայի անմիջական ուղղորդմամբ և աջակցությամբ, ինչի մասին վկայում են այդ երկրի ղեկավարների մի շարք հայտարարություններ: Այսպիսով մեկ անգամ ևս հաստատվեց թուրք-ադրբեջանական հակահայկական գործակցությունը, որն ուղղված է նաև ողջ քաղաքակիրթ հանրության դեմ:
Հայաստանի գիտնականներն ակնկալում են խնդրի նկատմամբ միջազգային հանրության անաչառ ու հասցեական վերաբերմունքը: Մինսկի խմբի անդամ համանախագահողները պետք է հանդես գան այս ագրեսիան սանձազերծող կողմի՝ Ադրբեջանի գործելակերպի դատապարտմամբ:
Տարակուսելի է, որ տեղի ունեցածի նկատմամբ համարժեք արձագանք չեղավ Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ անդամ երկրների կողմից։
Նման պայմաններում լիովին հասունացել է ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման ու նրա հետ ռազմական դաշինքի կնքման անհրաժեշտությունը:
Դիմում ենք միջազգային գիտական հանրությանը՝ ակնկալելով նրա աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։
Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը բանակցային գործընթացում ԼՂՀ-ն լիիրավ կողմ ճանաչելու հարցում։
Հույս ենք հայտնում, որ միջազգային և համաշխարհային գիտական հանրությունը համարժեք գնահատական կտա ագրեսոր Ադրբեջանի կողմից հայ խաղաղ բնակչության և զինվորականության նկատմամբ իրականացված աննախադեպ ու անմարդկային վայրագություններին։
Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովն իր հիացմունքն ու զորակցությունն է հայտնում Հայոց Բանակի Զինվորին, հպարտանում նրա անօրինակ հերոսությամբ, տոկունությամբ, նվիրումով և հավաստում, որ շարունակելու է իր նպաստը բերել Զինված ուժերի գիտատեխնիկական մակարդակի բարձրացմանը և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան