ԵԽԽՎ նախագահը հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտն առանձին հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ։ Այս մասին Պեդրո Ագրամունտը տեղեկացրել է թվիթերյան իր էջում, նշելով, որ հանդիպում է եղել նաև Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հետ։
Met with #Azeri and #Armenian chairs of delegations in @PACE_News: no conflict can be solved without #dialogue. @coe pic.twitter.com/Miw3RTQSez
— Pedro Agramunt (@PACE_President) April 20, 2016
Ագրամունտը նաև գրել է․«Ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել առանց երկխոսության»։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումից հետո ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությունը, որով նա կոչ էր անում դուրս բերել հայկական զորքերը և աջակցություն էր հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, խիստ դժգոհություններ էր առաջացրել Հայաստանում, որոնք հասնում էին մինչև անձնական վիրավորանքների Ագրամունտին ուղղված։ Այս ամենի մասին Ագրամունտին հայտնել են նաև ՀՀ պատվիրակության անդամները՝ նրան ուղված նամակներով, ակտիվ էին նաև սոցիալական ցանցի օգտատերեը՝ իրենց դժգոհությունը հայտնելու հարցում։ Այս նստաշրջանում Ագրամունտին ուղղված բացահայտ անձնական մեղադրանքներ հնչեցրեցին մեր պատվիրակության անդամները՝ վեհաժողովում ունեցած ելույթների ժամանակ։
Այս ամենը կարծեք թե որոշակի, գոնե արտահայտման տեսանկյունից, փոփոխություններ է մտցրել պարոն Ագրամունտի հռետորաբանության մեջ և նրան դրդել է ցուցաբերել ավելի զգուշավորություն։
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ջանասիրաբար պաշտպանող ԵԽԽՎ նախագահը նստաշրջանի բացման իր ելույթում այս անգամ խուսափեց ուղղակիորեն աջակցել Ադրբեջանին և ասաց, որ Եվրոպայի խորհուրդը պաշտպանում է ԵԽ անդամ 47 երկրների տարածքային ամբողջականությունը։
Ավելին, Ագրամունտը ցանկանում է նախաձեռնել հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ, ինչի մասին հայտնել էր բյուրոյի նիստի ժամանակ՝ փորձելով կողմերին բերել կառուցողական դաշտ և նպաստել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահության ձևավորմանը։
ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Panorama.am-ին ասել էր, որ հանդիպումների անհրաժեշտությունը կա։ «Սակայն, իհարկե, մինչև հանդիպում նախաձեռնելն անհրաժեշտ են ռեալ քայլեր, որոնք պետք է կատարվեն ինչպես վեհաժողովի ղեկավարության, այնպես էլ Ադրբեջանի պատվիրակության կողմից»,-ասել էր Հերմինե Նաղդալյանը։
Ագրամունտի այս հանդիպումները և նրա գրառումը, հնարավոր է, նրա նախաձեռնության սկիզբն են։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ում ընդունվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գրավոր հայտարարություն
- Հերմինե Նաղդալյան․ԵԽԽՎ նախագահը ցանկանում է վստահության մթնոլորտ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին