Չեմ կարծում, որ այս տարի Միացյալ նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Չաքրյան
Ամեն արպրիլի 24-ի նախօրյակին Թուրքիայում միշտ էլ հակահայկական տրամադրություններ նկատվում են,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
«Այս տարի որևէ շոշափելի քայլ թերևս չի կատարվել, միակ քայլը ապրիլի 14-ի Եվրախորհրդարանի Թուրքիայի մասին զեկուցագիրն էր, որտեղ ինչպես միշտ, այս անգամ ևս Թուրքիայից ակնարկի ձևով պահանջվում էր, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-նշեց թուրքագետը:
Ըստ նրա՝ ամենանշանակալի, ուժգին քայլը կլիներ, եթե Եվրախորհրդարանի նախորդ տարի ընդունած որոշումը կատարվեր, որն ընդունվել էր Հռոմի պապի հանրահայտ ելույթից հետո. «Եվրախորհրդարանի այդ որոշմամբ՝ ապրիլի 24-ը ԵՄ անդամ բոլոր երկրներում պարտադիր պետք է ճանաչվեր ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր, սակայն այդ ուղղությամբ որևէ տեղաշարժ էլ չեղավ»:
Չաքրյանի խոսքով՝ այսօր Հայաստանը գտնվում է Ցեղասպանության ժխտողականության քրեականացման փուլում, որտեղ որոշակի հաջողություններ են գրանցվել, բայց ոչ լիարժեք. «Լիարժեք կլիներ այն ժամանակ, եթե ԱՄՆ-ն վերցներ և ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, որին անպայման կարձագանքեր Անգլիան և Իսրայելը, իսկ մնացած պետությունների արձագանքը այդքան էլ էական չէր լինի»:
Ճանաչելու դեպքում կնշանակի ԱՄՆ-ն Թուրքիայի վրա գործադրվող ազդեցության լծակը ինքնակամ վայր կդնի, որը այդքան էլ պետք չէ նրան:
«Չեմ կարծում, որ այս տարի Միացյալ նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ավելացրեց թուրքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան