Վարչապետը ծանոթացել է արյունաբանական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնի յոթ հարկանի բուժական մասնաշենքի և նոր եռահարկ մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքներին, շրջել նորակառույց շենքի բաժանմունքներով:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից վարչապետին ներկայացվել են արյունաբանական կենտրոնի արդիականացման աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի (ՈՓԲ) և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման գործընթացը:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում ներկայում ընթանում են մասնաշենքերի ներքին հարդարման, ինժեներական համակարգերի տեղադրման և արտաքին երեսպատման աշխատանքները: Առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկեն նաև բժշկական սարքավորումների, կահույքի և պարագաների մատակարարման աշխատանքները:
Տեղեկացվել է, որ երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցված եռահարկ նոր մասնաշենքում կտեղակայվի միջազգային չափանիշներին համապատասխանող տարածաշրջանային նշանակություն ունեցող ցողունային բջիջների հավաքագրման, մշակման և պահպանման լաբորատորիան, որը կբավարարի ISO և GMP չափորոշիչներին: Արյունաբանական կենտրոնը կունենա 88 մահճակալ և տարեկան 75 հիվանդի փոխպատվաստում իրականացնելու հնարավորություն: Կենտրոնի ծառայություններն առավել ամբողջական դարձնելու նպատակով նախատեսվում են բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ՝ միջազգային և տեղի մասնագետների մասնակցությամբ:
Կարևորելով տարածաշրջանում միջազգային չափանիշներին համապատասխան միակ կենտրոնի կառուցումը՝ վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել, որ ներդրված գումարները նպատակային են ծախսվել, իսկ շինաշխատանքները՝ որակով կատարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան