Դատարաններում արդարություն փնտրող 80-ամյա հայրենադարձը
Ռուսաստանի քաղաքացի, բայց արդեն մեկ տարի Երևանում մշտական բնակություն հաստատած 80-ամյա Միշա Պետրոսյանը այսօր դարձյալ դատարանում էր. 2015-ի ապրիլից ծերունին դատական քաշքշուկների մեջ է:
Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ որոշել է մշտական բնակության համար տեղափոխվել Հայաստան և Դուբայից տեղափոխել անձնական մի քանի իրեր՝ օգտագործած կոշիկներ, հագուստ, իր մեջքին հարմարեցված հատուկ բազկաթոռ, մերսող սարք, անկողնային պարագաներ և չօգտագործած պատառաքաղ ու գդալներ: Այդ իրերը Հայաստան տեղափոխելիս ֆինանսների նախարարությունը մաքսազերծելու համար պահանջել է 960 եվրո գումար:
Սակայն 80-ամյա Միշա Պետրոսյանը համարել է, որ դա օրինական չէ և դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել գերատեսչությանը վերադարձնել հայրենադարձի անձնական իրերը:
Վարչական դատարանը նախորդ տարի հունիսին բավարարել է ծերունու հայցը, վճռել է պարտավորեցնել ՀՀ ֆինանսների նախարարությանը թույլ տալ Միշա Պետրոսյանի անձնական օգտագործման գույքն առանց մաքսային վճարի վճարման Հայաստանի Հանրապետություն ներմուծելը։
Դատարանը գտել է, որ Հայաստանում մշտական բնակություն հաստատած հայրենադարձի պահանջը հիմնավոր է և բխում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքից, որի 249-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հարկադիր տեղահանվածները կամ փախստականները, կարող են առանց մաքսային վճարների վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը։ Նույն հոդվածը սահմանում է սահմանափակում առ այն, որ նշված արտոնությունից յուրաքանչյուր անձ կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:
Սակայն, այսքանով հանդերձ, ֆիննախը չի ընկրկել ու դիմել է Վարչական վերաքննիչ դատարան: Այսօր վերաքննիչ բողոքի քննության ժամանակ կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, և դատարանը որոշումը կհրապարակի մայիսի 12-ին:
«Հարցը 960 եվրոն չէ, հարցն այն է, որ այստեղ օրենքը կեղծում են ու ժողովրդին թալանում են», - Panorama.am-ին ասում է Միշա Պետրոսյանը: Նրա խոսքով, իր համար ֆինանսները խնդիր չեն՝ երեք որդիները՝ մեկը Կանադայում, երկրորդը Գերմանիայում, մյուսն էլ Դուբայում «լավ գործ ունեն, պաշտոնյաներ են ու բիզնես են անում»:
Իր համար, ասում է, խնդիրը օրենքի գերակայությունն է:
Ասում է՝ Հայաստան է եկել մշտապես ապրելու նպատակով:
«Մինչև 60 տարեկան չէի զգում, որ իմ հայրենիքում չեմ ապրում…ձգում ա էլի հողը: 60 տարեկանից հետո ամեն գիշեր երազիս էր գալիս Հայաստանը», -դողացող ձայնով նշում է ծերունին:
Նրա խոսքով, իր համար տարօրինակ է անօրինականությունը և այդ պատճառով պայքարում է «գողերի ու թալանչիների դեմ»:
«Ես երբեք չեմ համաձայնվի էն հանգամանքի հետ, որ գողերը մեր ժողովրդի նկատմամբ այդպես են վարվում: Երբեք: Տեսաք՝ ադրբեջանցիք գիշերը եկան, բայց առավոտը արդեն 15 տարեկան երեխեքը գնում էին Ղարաբաղ կռվելու: Բա էս ժողովրդի նկատմամբ էդպես ստորություն են անո՞ւմ», -ասում է արդարություն փնտրող ծերունին:
Այժմ նա ապրում է Արագածավան գյուղում, ունի «տուն-տեղ», սեփական այգի: Բայց հանգիստ ծերությունը չի կարողանում վայելել լիարժեք, քանի որ դատական քաշքշուկները նրան հանգիստ չեն տալիս:
Վարչական վերաքննիչ դատարանից ակնկալիքների մասին դժվարանում է խոսել, բայց մի բան հաստատ գիտե. «Կրայնեմ մերե, ես որոշել եմ էս գործը մինչև եվրոպական դատարան հասցնել: Այնտեղ ուղարկվելիք իմ հայցում գրելու եմ՝ իմ առողջությունը կորցրել եմ անվերադարձ և պահանջելու եմ, որ փոխհատուցեն դրա համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան