Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակում նռնակ նետած քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 32-ամյա Հովհաննես Մուրադյանին:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ նախաքննությամբ ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 32-ամյա Հ. Մ.-ն 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, իր հոր անվամբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ՝ խաթարելով ծառայություն իրականացնող պետական պահպանության աշխատակիցների աշխատանքը։
Բացի այդ, Հ. Մ.-ի բնակարանում, օրենքով սահմանված կարգով, ապրիլի 18-ին կատարված խուզարկությամբ նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել և առգրավվել է զգալի չափերի «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապրիլի 20-ին Հ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014թ-ից հաշվառված է իրենց կենտրոնում՝ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ:
Քննիչը նրա նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի փորձագետներին:
Ապրիլի 20-ին միջնորդություն է ներկայացվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Հ. Մուրադյանին 2016 թվականի ապրիլի 21-ից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժին տեղավորելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին