Ալիևի նախաձեռնած բլից-կրիգը բնորոշ է բռնապետներին. ԵԽ պատգամավոր
«Ալիևի նախաձեռնած բլից-կրիգը բնորոշ է դիկտատորներին, ովքեր հասարակությանը ներքին խնդիրներից շեղելու համար կազմակերպում են փոքր պատերազմներ, որոնցում գրանցած «հաղթանակներով» կարողանում են որոշ ժամանակ լռեցնել մարդկանց: Փառք Աստծո, Ադրբեջանին չհաջողվեց ունենալ այդ հաղթանակը»,-«Երկրի հարցը» հաղորդման տաղավարում հայտարարեց Եվրոպական խորհրդարանում Չեխիան ներկայացնող պատգամավոր Յարոմիր Շտետինան:
Նշենք, որ ԵԽ պատգամավորը նախօրերին այցելել էր Արցախ: Ներկայացնելով Արցախ կատարած իր այցի դրդապատճառները՝ պատգամավորը նշեց. «Բացի գնդացիրների և հրետանիների պատերազմից, ներկայումս ընթանում է նաև ինֆորմացիոն պատերազմ, որն այս օրերին բավական կոշտ է: Դրա համար եմ ես եկել: Ես գիտեմ՝ ինչպես են աշխատում լրագրողները: Ես եկել եմ ԼՂՀ՝ իմանալու, թե ինչ է եղել: Ես ադրբեջանական լրատվությանը չեմ վստահում: Այնպես չէ, որ չեմ վստահում հայկական լրատվությանը, ես պարզապես ուզում եմ ունենալ իմ աղբյուրը»:
Հարցին՝ չի՞ վախենում արդյոք ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվելուց, Շտետինան ասաց, որ վաղուց է ծանոթ այդ ցուցակին. «Եթե ինձ չընդունեն, դա իրենց սխալն է, ոչ՝ իմը»:
Ի պատասխան հարցին՝ արդյոք կատարած վայրագությունների հետևանքով Ադրբեջանը կարժանանա՞ եվրոպական սանկցիաների, Յ.Շտետինան ասաց. «Անկեղծ ասած, Եվրախորհրդարանում Ադրբեջանի նկատմամբ ոչ մի սանկցիայի մասին չեմ լսել: Լավ կլիներ, որ լիներ, սակայն չեմ կարծում, որ մոտակա ժամանակներում այդ հարցը կլինի օրակարգում: Գործընթացը պետք է սկսել հակառակ կողմից՝ բարձրացնելով Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը և երկրորդ՝ Ղարաբաղի ճանաչումը: Ես չեմ բացառում սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ, հանկարծակի լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելու պարագայում»:
Վերջում անդրադառնալով Ցեղասպանության հարցին, Շտետինան ափսոսանք հայտնեց, որ իր երկիրը դեռ չի ճանաչել այն՝ հույս հայտնելով, որ, այնուամենայնիվ, առաջիկայում այդ քայլը կարվի. «Սա ինձ համար ամոթ է, ես դրա համար ներողություն եմ խնդրում»,-հավելեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին