«Մամուլի ազատության ինդեքս-2016». Հայաստանը 4 միավորով բարելավել է իր դիրքը
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի 180 երկրներում մամուլի ազատության մասին իր ամենամյա «Մամուլի ազատության ինդեքս» 2016 զեկույցը, ըստ որի մամուլի ազատության ոլորտում Հայաստանը ավելի առաջընթաց է գրանցել՝ 4 միավորով բարելավելով իր դիրքը:
«Մամուլի ազատության ինդեքս» զեկույցը կազմվում է հատուկ մշակված հարցաշարի միջոցով: Ստացված տեղեկությունների ամփոփումից հետո ձևավորվում է վարկանիշային աղյուսակը` ըստ վեց հիմնական չափորոշիչների` բազմակարծությունը մամուլում, մեդիա անկախություն, գրաքննություն, ոլորտը համակարգող օրենսդրական դաշտ, թափանցիկություն, ենթակառուցվածքներ:
Զեկույցում Հայաստանը, զգալի առաջընթաց գրանցելով մամուլի ազատության ապահովման ոլորտում, 4 միավորով բարելավել է իր դիրքը՝ հայտնվելով 74-րդ տեղում: Նախորդ տարի Հայաստանը 78-րդ հորիզոնականում էր: Հետխորհրդային երկրների շարքում առաջատար դիրքերում են միայն Հայաստանը և Վրաստանը (64-րդ հորիզոնական):
Զեկույցից նկատելի է, որ մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը ավելի բարվոք վիճակում է, քան օրինակ Իտալիան՝ 77-րդ հորիզոնական, Հունաստանը՝ 89-րդ, Իսրայելը՝ 101-րդ, Սինգապուրը՝ 154-րդ:
Հետխորհդային մյուս բոլոր երկրները զեկույցում ակնհայտ ցածր ցուցանիշներ են արձանագրել կամ պահպանել են նախորդ տարվա ցածր ցուցանիշները: Այսպես` Ռուսաստան՝ 148-րդ հորիզոնական, Ուկրաինա՝ 107-րդ, Մոլդովա՝ 76-րդ, Բելառուս՝ 157-րդ, Ղազախստան՝ 160-րդ, Ղրղզստան՝ 85-րդ, Ուզբեկստան՝ 166-րդ, Թուրքմենստան՝ 178-րդ, Տաջիկստան՝ 150-րդ:
Զեկույցում հետընթաց են արձանագրել նաև Թուրքիան և Ադրբեջանը՝ հայտնվելով համապատասխանաբար 178-րդ և 163-րդ հորիզոնականներում: Այս երկու երկրներում շարունակվել է մամուլի ազատության խիստ սահմանափակումները, ինչպես նաև ֆիզիկական բռնությունները լրագրողների նկատմամբ:
Ընդհանուր առմամբ, զեկույցի հեղինակները աշխարհում մամուլի ազատության վիճակը խիստ մտահոգիչ են համարել՝ նշելով. «2016 թվականի մամուլի ազատության ինդեքսը վկայում է լրագրողների ազատության և անկախության վրա կառավարական մարմինների կողմից հարձակումների, ինչպես նաև մասնավոր հատվածի կողմից մամուլին պարտադրված սահմանափակումների մասին»:
Զեկույցի առաջատար եռյակ երկրներն են՝ Ֆինլանդիան, Հոլանդիան և Նորվեգիան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան