Պատմաբան. ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց ոչ մարտավարական
«Ռուսաստանը, այո, Հայաստանի ռամավարական դաշնակիցն է, բայց՝ ոչ մարտավարական: Մեր հարևան պետության մարտավարական դաշնակիցն է, վառ վկայությունը՝ այդքան ահռելի քանակի զենքի վաճառքն է այդ երկրին»,- ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ունեցած ելույթում ասաց ակադեմիկոս, պատմաբան Աշոտ Մելքոնյանը:
Ըստ նրա, այսօր Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև:
«Մեզ էլ Ռուսաստանը վաճառել է զենքեր, որոնք Ադրբեջանը չունի, որոնց միջոցով մեր օդային տարածքը դառնում է անխոցելի: Բայց հակառակորդին վաճառել է զենքեր, որոնք մարտավարական են, որոնք մենք չունենք: Սա քաղաքական մոտեցումների արդյունք է»,- ասաց պատմաբանը:
Նա ընդգծեց, որ պետք է վերականգնել խորհրդային տարիներին Հայաստանում գործող ռազմարդյունաբերական համալիրը, որը հասկանալի, գուցե ոչ հասկանալի պառճառներով փոշիացվել էր 1990-ականներին:
«Մենք պետք է դա վերականգնենք, այլապես եթե դա չանենք, մարտավարական զենքեր չստեղծենք, ճակատում չխնայենք մեր զինվորի կյանքը, լուրջ բարդությունների առջև կարող է կանգնենք: Հասարակությունը, կառավարությունը չպետք է միջոցներ խնայի, դրանք պետք է ուղղել զենքերի գնմանը, նաև արտադրմանը: Մինչև երկրորդական, երրորդական, նեղ փողոցներում արագաչափեր տեղադրող ազգից չփոխվենք ու չդառնանք զենք արտադրող, վաճառող, մենք շատ բան կկորցնենք»,- ասաց Ա.Մելքոնյանը՝ հավելելով, որ Հայաստանում կա ռազմավարական հզոր համալիր, որի գործարկումը հնարավորություն կտա դիմակայել հայ ազգի առջև ծառացած մարտահրավերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան