Առցանց առևտուրը՝ փոստային ծառայությունների ուշադրության առանցքում
Փոստային ծառայությունները համաշխարհային տնտեսական էկոհամակարգի մի մասն են և բոլոր այն մարտահրավերները, որոնք ծառացած են տնտեսության մյուս ոլորտների առջև, ծառացած են նաև համաշխարհային փոստային ծառայությունների առջև: Այս մասին այսօր Երևանում ընթացող Եվրոպայի փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը:
Հիշեցնենք, որ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ»-ը հյուրընկալել է «PostEurop» եվրոպական փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովը տարածաշրջանում: Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի փոխտնօրեն Պասկալ Քլիվասը, «PostEurop» կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը, «PostEurop»-ի գլխավոր քարտուղար Բոտոնդ Սզեբենը:
Բիշար Հուսեյնի խոսքերով՝ հեռահաղորդակցության ոլորտի առաջընթացը փոստային ծառայության հիմնական մարտահրավերն է. «Մենք պետք է գլոբալ փոստային ծառայությունները դնենք մի մակարդակի վրա, այն էլ մի միջավայրում, երբ գլոբալ մրցակցությունը բարձր մակարդակում է»:
Ըստ նրա մոտեցման՝ 21-րդ դարում տեխնոլոգիաները բացել են սահմանները, և փոքր սարքերով աշխարհի հետ կարելի է կապ հաստատել վայրկյանների, րոպեների ընթացքում:
«Այն տեխնոլոգիաները, որոնք հսկայական հորիզոններ են բացել սոցիալական շփման համար, նույն հնարավորություններն են տվել զարգացնել նաև էլեկտրոնային առևտուրը և էլեկտրոնային շոփինգը, որոնք ամբողջ աշխարհում դինամիկ զարգացում են ապրում: Փոստային ենթակառուցվածքը կարող է լոգիստիկ առավելություն հանդիսանալ առցանց առևտրի համար:
Էլեկտրոնային առևտուրը և ֆինանսական ծառայությունները այն հիմնական թեմաներն են, որոնք վերաբերում են բոլոր երկրներին: Սա հիմնական ռազմավարական ուղղություններից մեկն է , որը քննարկելու ենք Համաշխարհային փոստային միության առաջիկա կոնգրեսի ընթացքում»,- նշեց Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրենը:
«Post Europe»-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլն էլ ասաց, որ առցանց առևտուրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում, զարգանում է երկու ուղղությամբ:
«Փոստային կազմակերպությունները ցանկանում են դառնալ էլեկտրոնային առևտրի օպերատորներ: Որպես այդպիսին նրանք պետք է բարելավեն իրենց ծառայությունները, մասնավորապես, պետք է հետևեն ապրանքները տեղ հասցնելուն, ինչպես նաև լուծեն վերադարձվող ապրանքների հետ կապված խնդիրները: Երկրները նաև մեծ հետաքրքրություն ունեն անդրսահմանային առևտրի զարգացման հարցում: Հիմնականում ԵՄ անդամ 30 փոստային կազմակերպությունները միասին ստեղծել են համապատասխան կառույցներ, որ հետևեն անդրսահմանային առևտրին»,- նշեց Ժան-Փոլ Ֆորսևիլը:
Անդրադառնալով Հայաստանի՝ «Հայփոստ»-ի մատուցած ծառայություններին և որակին, բանախոսները նկատեցին, որ Հայաստանում փոստային ծառայությունը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը նշեց, որ Հայաստանում գտնվելու օրերին այցելել է մի շարք փոստային գրասենյակներ, հնարավորություն է ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի փոստային կապի ոլորտի առանձնահատկություններին. «Իմ տպավորությունը շատ դրական է»:
Ժան-Փոլ Ֆորսևիլն էլ նշեց, որ «Հայփոստ»-ը լինելով PostEurop-ի անդամ, հետևել է բոլոր առաջարկություններին և այսօր Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի մատուցած ծառայություններն առաջընթաց են ապրել:
««Հայփոստի»-ի ծառայությունները դրական են, բայց նույն բանը չէի կարող ասել 6-7 տարի առաջ»,- ասաց նա:
Նշենք, որ լիագումար նիստին կհաջորդի բիզնես ֆորում` միջազգային փորձագետների ու մոդերատորների մասնակցությամբ: Նրանք կքննարկեն փոստային ոլորտի մարտահրավերները` լուծումներ առաջարկելու ավելի զարգացած ու կայուն ոլորտի ստեղծման ուղղությամբ` նախքան այս տարվա սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային փոստային միության կոնգրեսը:
«PostEurop»-ն ասոցիացիա է, որը ներկայացնում է եվրոպական փոստային օպերատորներին: «PostEurop»-ն ունի 2.1 միլիոն աշխատակիցներ ողջ Եվրոպայում, ովքեր օրական սպասարկում են մինչև 800 միլիոն հաճախորդների ավելի քան 175 հազար սպասարկման կետերի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Բիշար Աբդիրահման Հուսեյնը բարձր է գնահատել Հայաստանի փոստային ծառայությունների մատուցման որակը
- Եվրոպայի փոստային օպերատորները Երևանում քննարկում են փոստային ոլորտի առանցքային հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան