Եվրոպայի փոստային օպերատորները Երևանում քննարկում են փոստային ոլորտի առանցքային հարցեր
Երևանում այսօր մեկնարկեց Եվրոպայի փոստային օպերատորների («PostEurop») առաջին լիագումար ժողովը կովկասյան տարածաշրջանում: Նիստը Երևանում անցկացվում է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի նախաձեռնությամբ:
Եռօրյա միջոցառման նպատակն է միավորել Եվրոպայի ավելի քան 52 փոստային օպերատորների, գործադիր տնօրենների և բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու համար փոստային ոլորտի առանցքային հարցերն ու հնարավորությունները արագորեն փոփոխվող նորարարությունների ու թվային տեխնոլոգիաների միտումների համատեքստում:
Համաժողովի բացմանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կարևորելով Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի հերթական՝ 31-րդ Համաժողովի անցկացումը Երևանում, նշեց, որ այս համաժողովը խիստ արդիական է և նպաստելու է փոստային ծառայությունների զարգացմանն ու առաջընթացին:
«Բարձր գնահատելով փոստային ծառայության դերը աշխարհում՝ հպարտ ենք, որ մեր երկիրը մաս է կազմում Համաշխարհային փոստային միության մեծ ընտանիքին»,- ասաց նա:
Նախարարի խոսքերով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և առաջընթացի այս դարում, փոստային կապը, որպես հասարակական հաղորդակցության կարևորագույն միջոց, մեծ նշանակություն ունի հասարակության տնտեսական և սոցիալական զարգացման համար: Այսօր էլ, ըստ Գ.Բեգլարյանի, մեր հանրապետության հեռավոր շրջանների միջև կապի ամենաարդյունավետ և անփոխարինելի միջոցը փոստն է, որը բնակչությանը մատուցում է ոչ միայն փոստային, այլև տեղեկատվական ծառայություններ:
Նախարարը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ոլորտի բարեփոխումներին, որոնց նպատակն է ապահովել մատչելի, հասանելի փոստային ծառայություններ, ոլորտում ներդնել արդի տեխնիկական միջոցներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև փոստային ծառայությունների միջոցով զարգացնել էլեկտրոնային առևտուրը։
«PostEurop»-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլի խոսքերով՝ Եվրոպայի փոստային օպերատորների անդամների համար պատմական պահ է գտնվել Հայաստանում: «Մենք գնահատում ենք մինչ օրս ՀայՓոստի՝ որպես Հայաստանի ազգային փոստային օպերատորի կողմից արձանագրված առաջընթացն ու զարգացումը: Վստահ ենք, որ շարունակական համագործակցությունը միջազգային փոստային օպերատորների ու լոգիստիկա ապահովող կողմերի միջև հնարավորություն կընձեռի կերտել գործուն հարաբերություններ ու զարգացնելու այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային առևտուրն ու կառավարումը»,- նշեց Ժան-Փոլ Ֆորսևիլը:
Նիստի շրջանակներում մարվեց և շրջանառության մեջ դրվեց նաև գեղաթերթիկ մեկ նամականիշով: Գեղաթերթիկը ձևավորված է երևանյան համաժողովի խորհրդանիշի տեսքով և ձևով. Երկու իրար վրա դրված ծրար, որոնք հիշեցնում են Սիսն ու Մասիսը: Այն տպագրվել է Կանադայում 20 հազար օրինակով:
Նշենք, որ 1992 թվականին՝ անկախացումից անմիջապես հետո, Հայաստանն անդամակցել է Համաշխարհային Փոստային Միությանը։ Այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունն իր կարևոր տեղն է գրավել փոստային կապի միջազգային համագործակցության մեջ։ 2008 թվականից էլ Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ընկերությունը հանդիսանում է 52 եվրոպական փոստային օպերատորների միության՝ «ՓոստԵվրոպ»-ի անդամ, որի նպատակն է նպաստել անդամ-երկրների ակտիվ համագործակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին