Ընդդիմությունը իշխանության համար բաց է թողնում հետդարձի դուռը. ԸՕ քննարկումներ
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների շրջանակում ձևավորված 4+4+4 ձևաչափը երկար կյանք չունեցավ. Թեպետ ընդդիմությունն ու քաղհասարակության ներկայացուցիչները որոշ առումով մեղմացրին իրենց պահանջները, բայց իշխանությունը դա քննարկելի չհամարեց: Այդ մասին այսօր հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Մեր նախավերջին հանդիպման ժամանակ մենք ներկայացրինք մեր նախկին 5 առաջարկները՝ մի փոքր զիջոում կատարելով, այսինքն՝ մենք գնացինք այդ կոմպրոմիսային քայլին: Ավելին ասեմ, իշխանությունները բոլոր հանդիպումների ընթացքում պնդում էին էլեկտրոնային գրանցման տարբերակը և որպես շատ լուրջ զիջողություն, այդ կետն էլ ընդգրկեցինք համաձայնեցված տարբերակի մեջ, ստացվեց վեց կետ և մեր հինգ կետերը՝ փոքր փոփոխություններով: Սա այն մեծ գլոբալ առումով կոմպրոմիսն էր, որ մենք առաջարկում ենք: Բայց տարօրինակ էր, որ իշխանության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ 99 տոկոսով դա քննարկելի չէ: Եվ այդ պատճառով, մենք հայտարարեցինք, որ այդ փուլում բանակցությունները, այդ ձևաչափով քննարկումները ձախողված են», -իրավիճակը ներկայացրեց Մանուկյանը:
Այդուհանդերձ, ընդդիմությունը, նրա խոսքով, բաց է թողնում հետդարձի դուռը և պատրաստ է շարունակել օրինագծի շուրջ քննարկումները:
Հանդիպմանը ներկա և 4+4+4 ձևաչափով քննարկումներին քաղհասարակությունը ներկայացնող «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Այվազյանը նկատեց, որ քննարկումներին իշխանությունները իրենց կարծիքով զիջումների են գնացել՝ ներկայացնելով առաջարկներ, բայց դա չէր նշանակում, թե մեր պահանջները բավարարված են:
«Մասնավորապես, երկու պահանջ, 2 զիջում առաջարկվեց ամրագրել օրենսգրքով՝ մատնահետքերով քվեարկություն և ընտրողների հերթական համարները ընտրացուցակում ոչ պաշտոնական փաստաթղթով տրամադրելը, բայց մենք չենք կարող դա համարել բավարար», -այդ ձևաչափով քննարկումների վերաբերյալ քաղհասարակության անունից ներկայացրեց Սոնա Այվազյանը:
Նկատենք, որ իշխանությունն առաջարկում էր էլեկտրոնային համակարգով գրանցման ժամանակ մատնահետք վերցնել ընտրողից:
Այվազյանի խոսքով, էլեկտրոնային գրանցման համակարգը բազմաթիվ փորձագետներ համարում են, որ «ոչ թափանցիկ և ոչ տեսանելի է դարձնում ընտրական մի քանի գործընթացներ», հետևաբար այն չի կարող վստահելի դարձնել այդ գործընթացը: Եվ դա էր պատճառը, որ մատնահետքերով քվեարկության գաղափարը քաղհասարակությունն ընդունելի չի համարել:
Ինչ վերաբերում է քվեարկությունից հետո ընտրողների հերթական համարների տրամադրմանը, ապա, ըստ Այվազյանի, դա զիջում իրենք չեն համարում, քանի որ այս պահինի էլ դիտորդները կարողանում են դիտորդության ընթացքում հավաքել այդ տվյալները:
Հիշեցնենք՝ և քաղհասարակությունը, և ընդդիմությունը պահանջում էր ընտրություններից հետո պաշտոնապես հրապարակել ստորագրված ընտրացուցակները:
Այվազյանի ներկայացմամբ, իշխանության մյուս զիջումը ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումն է, բայց դրա համար պետությունը պատասխանատվություն չի կարող կրել ու դրա արդյունքում ստացվող նյութերը ապացուցողական նշանակություն չեն կարող ունենալ:
«Այսօր մենք նման իրավիճակ ունենք՝ լրագրողները կարող են տրամադրել իրենց նկարահանած կադրերը: Բայց մեզ համար կարևոր էր, որ պետությունը պատասխանատվություն ստանձնի այդ նյութերի նկատմամբ ու կանխարգելի ընտրական խախտումները», -նշեց Այվազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան