Դանիել Վարուժանի ծննդյան օրն է
«Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց», -գրել է Դանիել Վարուժանը. արևմտահայ բանաստեղծության ակնառու դեմքերից է, նորռոմանտիզմի սկզբնավորողը հայ գրականության մեջ: Նրա պոեզիան անձնական ու հասարակական ցավերի ծնունդ է, կործանումից ելք որոնող ժողովրդի մաքառման ուժի և ճակատագրի փիլիսոփայության խտացումը:
Այսօր Դ.Վարուժանի (իսկական ազգանունը՝ Չպուգքյարյան) ծննդյան օրն է. 1884 թվական, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում: 1896–1902 թթ-ին սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, ապա՝ Գատըգյուղի (թաղամաս` Կոստանդնուպոլսում) վարժարաններում: Այդ տարիներին նրա վրա ծանր տպավորություն են թողել աբդուլհամիդյան ջարդերը, որոնք հետագայում դարձել են բանաստեղծի ստեղծագործության հիմնական թեմաներից: 1902–05 թթ-ին Վարուժանն ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բանաստեղծին գրավել է Վերածնության շրջանի հզոր մշակույթը, խորապես ուսումնասիրել է նաև Հայաստանի պատմությունը, հին ու նոր գրականությունը:
1909 թ-ին Վարուժանն ավարտել է Գենտի (Բելգիա) համալսարանը, վերադարձել հայրենիք և մինչև 1911 թ. դասավանդել է Սեբաստիայի Արամյան վարժարանում, 1911–12 թթ-ին՝ Թոքաթի (այժմ՝ Եվդոկիա) ազգային ճեմարանում, 1912–15 թթ-ին եղել Կոստանդնուպոլսի Լուսավորչյան վարժարանի տնօրեն: Նա ժամանակի հայ առաջադեմ մանկավարժներից էր: 1914 թ-ին գրող, գրականագետ Հակոբ Սիրունու հետ Վարուժանը հրատարակել է «Նավասարդ» գրական-գեղարվեստական տարեգիրքը, օժանդակել «Մեհյան» (1914 թ.) գրական-հասարակական հանդեսի ստեղծմանը:
Վարուժանը գրել է 1896 թ-ից: Նրա առաջին՝ «Սարսուռներ» (1906 թ.) գրքի հիմնական բովանդակությունը կյանքի տառապանքից ծնված վիշտն է և ամոքման բաղձանքը, ծանր իրականության և գեղեցիկ երազների հակադրության հոգեկան դրաման («Մուրացիկը», «Հիվանդ է», «Մոխիրներուն առջև», «Մուսայիս», «Ձյունե դագաղ» և այլն):
«Ցեղին սիրտը» (1909 թ.) ժողովածուի մեջ գերիշխողը հայրենասիրական ոգին է:
«Դանիել Վարուժանի ....«Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, որտեղ գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ՝ Եվրոպայի բարեմաղթությամբ: Նրա երգերը բազում հերոսներ ծնեցին, նրա խոսքը գործի վերածվեց»,- գրել է ռուս բանաստեղծ, թարգմանիչ Սերգեյ Գորոդեցկին:
1912 թ-ին լույս է տեսել Վարուժանի «Հեթանոս երգեր» ժողովածուն՝ կազմված «Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ» շարքերից ու «Հարճը» պոեմից: «Հացին երգը» (1921) շարքում զգալի է հայ գյուղին բնորոշ կոլորիտը (բառապաշար, պատկերի կառուցման առարկայական ատաղձ և այլն), բայց և այնպես ներկայացված գյուղաշխարհը չի կարելի կապել որոշակի աշխարհագրական միջավայրի հետ։ Բանաստեղծը թևակոխում է մի նոր եզերք՝ ընդարձակելով «Հեթանոս երգեր»-ում նվաճված աշխարհի սահմանները, այստեղ էլ քնարական մթնոլորտը շնչում է գեղեցկի ու ներդաշնակի որոնման պաթոսով, պոետիկական կառույցի հիմքը դարձյալ վսեմի կատեգորիան է, մասշտաբներն էպոսային վիթխարիություն ունեն («Մշակները», «Ցան», «Սայլերը»)։
«Ես հիացած եմ հայ նոր բանաստեղծներով .... Դանիել Վարուժանը .... ի՛նչ մեծ բանաստեղծ է, հատկապես նրա իրապաշտ հատվածները, սիրային բանաստեղծությունները գլուխգործոցներ են...»,- գրել է ֆրանսիացի բանաստեղծ Սեն Ժոն Պերսը:
Բանաստեղծը ծրագրել էր ստեղծել նաև «Գինիին երգը» շարքը, հայ առասպելների ու ավանդությունների նյութի վրա՝ «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ամբողջությամբ մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական վիպերգը, որոնք, սակայն…
1915 թվական: Վրա է հասնում արյունալի աղետը: Բանաստեղծի խոսքերով ասած` կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ: Այս ողբերգական օրերի զոհերից մեկը լինում է Դանիել Վարուժանը: Թուրք մարդասպաններն աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտում են 31-ամյա բանաստեղծին: 1915 թ. օգոստոսի 26- էր:
Վարուժանի ժողովածուները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:
1958 թ-ին Գենտի համալսարանի մեծ սրահի պատին ամրացվել է հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն ու ֆլամանդերեն արձանագրությամբ այն մասին, որ նա 1905–09 թթ-ին սովորել է այդ համալսարանում:
«Ըստ իս և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մեր գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝ համամարդկային»,- ասել է Դանիել Վարուժանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան