ԿԳՆ-ում մտադիր են լեզվի սահմանադիր մարմին ձևավորել
Խորհրդակցական մարմինները ֆունկցիոնալ առումով չեն կարող ազդեցիկ լինել. Նման կարծիք է հայտնել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Լեզվի պետական տեսչության գործունեության վերաբերյալ առկա խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցության ժամանակ քննարկվել է նախարար Մկրտչյանին ներկայացվել են մի քանի առաջարկություններ, մասնավորապես Լեզվի տեսչության կարգավիճակը բարձրացնելու և զուգահեռաբար նաև Հայերենի բարձրագույն խորհուրդ ձևավորելու վերաբերյալ:
Նախարարը մտահոգություն է հայտնել, որ եթե ձևավորվող մարմինը լինելու է ընդամենը խորհրդակցական, ապա այն կարող է իրականում գործող կառույց չդառնալ:
«Խորհրդակցական մարմինները ֆունկցիոնալ առումով չեն կարող ազդեցիկ լինել: Խնդիրը շատ հին է և տարիների պատմություն ունի: Եթե խորհուրդներն իրավական ակտեր թողարկելու իրավասություն չունեն, ապա նրանց որոշումները պարտադիր կատարման ենթակա չեն: Վստահ եմ, որ հատկապես լեզվաքաղաքականության ոլորտում շատ կարևոր է սահմանադիր մարմին ունենալը»,-ասել է Լևոն Մկրտչյանը:
Նախարարը ներկայացրել է իր մոտեցումը. «Լեզվի պետական տեսչության կարգավիճակը բարձրացնել՝ տալով գործադիր մարմնի գործառույթներ և զուգահեռաբար ստեղծել Հայերենի բարձրագույն խորհուրդ՝ որպես լեզվաքաղաքականության օրենսդիր մարմին: Այս երկու մարմինները միմյանց փոխլրացնելով կդառնան լեզվի սահմանադիր մարմին»:
Ըստ աղբյուրի, հայերենի բարձրագույն խորհրդի, Լեզվի պետական տեսչության գործառույթների ընդլայնման, իրավական դաշտի փոփոխությունների և լեզվաքաղաքականության խնդիրների շուրջ ծավալվել է մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր մոտեցումներ՝ մասնավորապես տերմինաբանական կոմիտեի գործունեության վերականգնման, սփյուռքի ներուժի օգտագործման, արևմտահայերենի զարգացման և դպրոցական ծրագրերում կամընտրական դասընթացների ներդրման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ:
Առաջիկայում նախատեսվում են քննարկումներ ՀՀ կառավարությունում և մասնագիտական լայն շրջանակներում՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան