Շարմազանովը Նարիշկինին է ներկայացրել Ադրբեջանի զինուժի ձեռագիրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է Ադրբեջանին պարտադրեն վերադառնալ 1994 թվականին ստորագրված հրադադարի ռեժիմին, այլապես ադրբեջանական իշխանության ռազմական հանցանքները խլում են բազմաթիվ մարդկային կյանքեր՝ թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական անձանց, որոնց Ադրբեջանի զինված ուժերը ստորաբար սպանել են, ինչպես նաև երեխաների, որոնց սպանությունները հեռու են համամարդկային բոլոր կանոններից: Այս մասին նշել է Մոսկվայում գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ այսօր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ: Հայտնում են ԱԺ հասրակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը բանավոր պայմանավորվածության ուղղությամբ, որի միջոցով ադրբեջանական կողմը պայմանականորեն վերադարձել է 1994 թվականին ստորագրված զինադադարի ռեժիմին, իսկ այն պայմանական է, քանի որ այսօր էլ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, որի հետևանքով հայկական կողմն ունենում է նոր զոհեր»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
Դիմելով Սերգեյ Նարիշկինին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ փաստել է, որ Արցախի ժողովուրդը պետք է լիարժեքորեն իրացնի ինքնորոշման և սեփական հայրենիքում անվտանգ, ազատ ու անկախ ապրելու իրավունքները: Ոչ ոք և ոչինչ երբեք չեն կարող Արցախի ժողովրդից խլել նշված հիմնական իրավունքները:
Էդուարդ Շարմազանովը Պետական դումայի նախագահին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի ձեռագիրը, որն ամբողջությամբ կրկնում է աշխարհում հայտնի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործելաոճը:
Ի պատասխան ՀՀ ԱԺ փոխնախագահի ներկայացրած փաստերի՝ ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտնել է իր մտահոգությունը՝ նշելով, որ ապրիլի առաջին օրերին տեղի ունեցածը հրադադարի կնքումից հետո այդ ծավալի առաջին գործողություններն են, որոնք իրոք մտահոգիչ են:
Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ռուսական պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 23-ին Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին