Ամփոփիչ շրջայց և բնակարանաշինության ծրագրի նոր փուլի մեկնարկ. ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ղեկավարները բնակարանաշինության ծրագրի 2015 թ. արդյունքներն ամփոփել են Արագածոտնի մարզում: Անցած տարվա ընթացքում այս մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել և/կամ տունը վերանորոգել է 10 ընտանիք: Համագործակցող կառույցների ղեկավարներն այցելել են Մելիքգյուղ համայնք, ուր բնակարանաշինության ծրագրով աջակցություն է ստացել երեք ընտանիք. գնվել ու վերանորոգվել է մեկ տուն, ավարտվել է մեկ կիսակառույցի շինարարություն, հիմնովին փոխվել է մեկ տանիք, ամրացվել են նաև տան կրող պատերը: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Վարդանյանների բազմանդամ ընտանիքը 8 հոգով, 27 տարի բնակվել է վագոն-տնակում, որի մետաղյա պատերը ձմռանն աննկարագրելի սառն են եղել, ամռան տապին՝ վառարանի պես տաք: Այդ վագոն-տնակում են ծնվել ու մեծացել վեց երեխաները: Այժմ Վարդանյաններն ապրում են նախկինի վիճակի հետ համեմատության եզրեր չունեցող պայմաններում. գնված ու վերանորոգված բնակարանում:
«Ասում են հույսը վերջինն է մեռնում, բայց հավատացեք, ընտանիքս արդեն հույս էլ չուներ, թե մի օր հրաշք կկատարվի ու տուն կունենանք: Քառորդ դարից ավելի ապրելով առանց տարրական կենցաղային պայմանների, ինքներս էլ արդեն համակերպվել էինք այդ տխուր վիճակին: Բայց լինո՛ւմ են հրաշքներ, ու մեր ընտանիքի պատմությունն էլ դա է փաստում: Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր անտունին տան տեր են դարձնում»,-ասել է ընտանիքի մայրը՝ Սուսամբարը:
«Ամենաշատը, որը գնահատել եմ և շարունակում եմ հպարտանալ դրանով՝ հայի գեներում առկա մարդասիրությունն է. մեկը մյուսի կողքին կանգնելու, աջակցելու պատրաստակամությունը: Սա մի հատկանիշ է, որը պետք է ամուր փայփայել: Այս ծրագիրն ասվածի լավագույն վկայությունն է. Մեկ տարվա ընթացում 40 ընտանիք ձեռք է բերել ոչ միայն տուն, այլև՝ լավ բարեկամներ: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցելով՝ տարբեր մարզերում տանտիրոջ կողքին իրենց կամավորական աշխատանքով կանգնել են նաև մեր երկու կազմակերպության աշխատակիցները: Ծրագիրը շարունակվելու ենք նաև այս տարի: Նախատեսում ենք դարձյալ աջակցել ավելի քան 40 ընտանիքի, որի համար կհատկացվի շուրջ 105 մլն. դրամ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հատկանշական է, որ 2015թ բնակարանաշինության ծրագրի ամփոփումը հենց այս տանն է կատարվում: 40 ից՝ այս ընտանիքն ամենաանմխիթար պայմաններում էր ապրում, և այստեղ հակադրությունն առավել տեսանելի է: Ուրախալի է տեսնել ընտանիքի կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխությունը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան