Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մարտին աճել է 5,5%-ով. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,5%-ով։ Միաժամանակ, մարտ ամսվա ՏԱՑ-ը փետրվարի նկատմամբ աճել է 13,8%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ մարտի համեմատ՝ 6,6%:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մարտին աճել է 8,9%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 10,9%-ով, իսկ 2015թ-ի մարտի համեմատ՝ 7,2%-ով:
2015թ. հունվար-մարտի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն էլ (առանց առևտրի) աճել է 9,6 տոկոսով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի աճել է 3,3%-ով: Աճ է գրանցվել նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 5%-ով: Իսկ շինարարության ոլորտում արձանագրվել է 2,2 տոկոսի անկում:
Ըստ ԱՎԾ-ի՝ առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 1,1%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա, ըստ ԱՎԾ-ի` հունվար-մարտին գները նվազել են 1,4%-ով:
Արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.8 %-ով, ընդ որում` արտահանումը կտրուկ ավելացել է 26,3 տոկոսով (375.9 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել՝15,9 տոկոսով (621.2 մլն դոլար):
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ հունվար-մարտին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 3,5 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 3,8%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 1,3%-ով` կազմելով 158 հազ. դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աճը կազմել է 5,4%՝ հասնելով 214,7 հազար դրամի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան