Այրվածքաբանության կենտրոնում բուժում ստացող վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. Արմեն Մուրադյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժում ստացող պայմանագրային զինծառայողի և Սիսիանի ԵԿՄ անդամի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Ստացած այրվածքային մակերեսը բավական մեծ է եղել, սակայն հաջողվել է փրկել նրանց կյանքը: Այսօր նախատեսվում է իրականացնել վերականգնողական մեկ վիրահատություն: Կարծում եմ, որ հետագայում ևս նրանց վերակագնողական բուժում է սպասվում, բայց նրանց կյանքին արդեն որևէ բան չի սպառնում»,- նշեց նախարարը:
Հարցին, թե քանի զինծառայող կա, որ արտերկրում բուժումը շարունակելու կարիք ունի, Արմեն Մուրադյանն ասաց, որ այս պահին նման գնահատականներ չեն կարող լինել, քանի որ դեռ սուր շրջանն է, և ամեն հնարավորն իրականացվում է Հայաստանում:
«Եթե հետագայում վերականգնողական բուժման անհրաժեշտություն կլինի, այդ հարցը առանձին կքննարկվի, բայց ոչ այս փուլում»,- նշեց առողջապահության նախարարը՝ հավելելով, որ բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով վիրավորվածների բուժօգնությունը և սպասարկումը գտնվում է խիստ ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները: Կառավարությունն իր վրա է վերցնում արտերկրում զինծառայողների բուժման հետ կապված բոլոր ծախսերը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն իր վրա է վերցնում արտերկրում զինծառայողների բուժման և կեցության ծախսերը
- Այրվածքաբանության կենտրոնում բուժվող զինծառայողների վիճակում դրական տեղաշարժ կա. ՀՀ ԱՆ
- Այրվածքաբանության կենտրոնում բուժում ստացող վիրավորների մոտ դրական շարժընթաց կա