ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է
Պատմաբան, ՀՀ ազգային հերոս Թաթուլի Կրպեյանի ծննդյան օրն է: Թաթուլը ծնվել է 1965 թ. Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ Թաթուլը այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաև Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր։
1990 թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնել է Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։
Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...»։ Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասել է հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»։
Թաթուլ Կրպեյանը մահացել է 1991 թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչման։ Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը նրա պատվին վերանվանվել է Թաթուլ։
Լուսանկարները՝ TATUL KRPEYAN (ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ) ֆեյսբուքյան էջից: