Կարեն Աղամալյան. «Թուրքիայում ավելի շատ ուղեգիր նվաճեցինք, քան տեղացիները»
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է Սամսունում կայացած Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարի արդյունքները:
«Լարվածության առումով այս մրցաշարը համեմատելի չէր ո'չ Եվրոպայի, ո'չ աշխարհի առաջնությունների հետ: Ես գնալուց առաջ ասել էի, որ գնում ենք «մեր պատերազմին», որում պետք է միայն հաղթենք: Ես գոհ եմ տղաներից: Ինչ վերաբերվում է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարությունը, այն կապված էր միայն անվտանգության ապահովման հետ: Նա մտավախություն ուներ, որ թշնամի երկրում անվտանգ չի լինելու: Այնուհետև մենք հանդիպեցինք Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, ով խոստացավ, որ մեր թիմի անվտանգությունն ապահովված կլինի: Պատասխանատվությունն իր վրա էր վերցրել նաև Միջազգային օլիմպիական կոմիտեն: Պարոն Ծառուկյանը խոստացավ, որ թե անվտանգությունը, թե մրցավարությունը կլինեն բարձր մակարդակի վրա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտել ՀԱՕԿ-ին և պարոն Ծառուկյանին, քանի որ վերջին տասը տարում չեմ հիշում, որ արդար դատեն և չխլեն մեր հաղթանակները, բացառությամբ Բաչկովի կիսաեզրափակչի մենամարտի: Ընդհանուր առմամբ՝ մեր մարզիկները 29 մենամարտ են անցկացրել, 18-ում հաղթել են, 11-ում՝ պարտվել: Վերջին 10-15 տարում ես այսպիսի բան չեմ հիշում»,- շեշտեց Աղամալյանը:
Սամսունում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն իր խոսքում նշեց, որ այս ուղեգրերը թիմային աշխատանքի շնորհիվ են:
«Այն, որ մենք Թուրքիայում ավելի շատ ուղեգիր նվաճեցինք, քան տեղացիները, մեր բոլորիս հաղթանակն է: Սա բռնցքամարտիկների, մարզիչների, ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի ընդհանուր հաղթանակն էր: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը զանգահարեց, շնորհավորեց: Շատ հպարտ և ուրախ էր: Բոլորս էլ ուրախ ենք: Տղաներին մնում է լավ աշխատել և ըստ արժանվույն մասնակցել Օլիմպիական խաղերին»,- Գաբրիելյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Խոսելով Հովհաննես Բաչկովի կիսաեզրափակիչ մենամարտի մասին` Գաբրիելյանը մասնավորապես ասաց. «Բաչկովը չի պարտվել, դա ասում եմ որպես մասնագետ: Այստեղ գալուց առաջ ես խոսեցի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, ով ասաց, որ հնարավոր ամեն ինչ կանի, ուղիներ կփնտրի, որպեսզի Բաչկովն ուղեգիր ունենա: Նա իսկապես արժանի է»:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Թուրքիայում նվաճեց Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), երրորդ տեղ զբաղեցրեցին 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում