Հերմինե Նաղդալյան. ԵԽԽՎ հակամարտությունների ենթակոմիտեում քննարկվել է նրա մեկ տարվա աշխատանքների հարցը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում այսօր տեղի ունեցավ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ԵԽ անդամ երկրների միջև հակամարտությունների ենթակոմիտեի նիստը, որի նպատակն էր՝ քննարկել, վերլուծել ենթահանձնաժողովի ստեղծման ժամանակից անցած մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները։
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Panorama.am-ին ասաց, որ ենթակոմիտեն, համաձայն իր հիմնադրման մասին որոշման, զբաղվում է ԵԽ տարածքում տեղ գտած հակամարտություններով, այդ թվում Լեռնային Ղարաբաղի։
«Ենթակոմիտեն ուսումնասիրում է, թե ինչպես մոնիտորինգի գործընթացը կարող է աջակցել ԵԽ տարածքում հակամարտությունների կարգավորումներով զբաղվող մեխանիզմներին, ուսումնասիրում տեղի ունեցող զարգացումները, հավաքում տեղեկատվություն, որի հիման վրա էլ կարող է պատկերացում կազմել, թե ԵԽԽՎ-ն որքանով կարող է աջակցել»,-ասաց Հերմինե Նաղդալյանը։
ՀՀ պատվիրակության ղեկավարը նշեց, որ հայկական պատվիրակությունը պատրաստ է համագործակցության, որը, սակայն, չպետք է խանգարի որպես հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված ձևաչափ՝ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, այլ աջակցի խաղաղության, փոխվստահության ամրապնդմանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ն քննադատում է ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագիրը
- Ավստրիայի նախագահը ԵԽԽՎ-ում կոչ արեց կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ
- ԵԽԽՎ-ում ընդունվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գրավոր հայտարարություն
- Հերմինե Նաղդալյան․ԵԽԽՎ նախագահը ցանկանում է վստահության մթնոլորտ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև