Շառլ Ազնավուրը Հայաստանում է
Աշխարհահռչակ շանսոյնե Շառլ Ազնավուրը Հայաստանում է: Նա Երևան է եկել «Ավրորա» մրցանակաբաշխության ներկա լինելու համար: Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակաբաշությունը կկայանա ապրիլի 24-ին, Երևանում։
«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգեւ և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
«Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:
«Ավրորա» մրցանակի դափնեկրի չորս հավակնորդներն են՝ Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, եւ Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: Ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակի հաղթողին կշնորհի 100,000 ԱՄՆ դոլարի պարգևը։ Ապա դափնեկիրը հարթակ կհրավիրի իր առաջադրած կազմակերպությանը կամ կազմակերպություններին՝ ստանալու 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհը։
Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Ազնավուրի առաջին արտիստական հաջողությունները նրա մանկական դերերն էին երգի թատրոնում, որոնք գրվել էին իր կողմից 20 տարեկան հասակում Էդիթ Պիաֆի և Մորիս Շեվալյեի համար:Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։
Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է: Հայաստանին ցուցաբերած օգնության համար նրան շնորհել են դիվանագիտական անձնագիր և նշանակել են Հայաստանի Հանրապետության մշտական դեսպան ՅՈՒՆԵՍԿՕ-ում: 2009թ. մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Լուսանկարը՝ 100 LIVES & Aurora Prize ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա» մրցանակաբաշխության երաժշտական ղեկավարը կլինի Սերգեյ Սմբատյանը
- Սերժ Թանկյանի երաժշտությունը՝ «Ավրորային»
- Մարդասիրական ասպարեզի առաջատար գործիչները ժամանելու են Երևան
- «Ավրորա»-ի հավակնորդները
- 100 LIVES -ը և ICFJ-ը հայտարարում են լրագրողական նոր մրցանակի հիմնման մասին
- Տրվել է 100 LIVES նախաձեռնության և Մարդասիրական նոր` «Ավրորա» մրցանակի մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին