Նախատեսվում է ավելացնել ՓՄՁ-ների տեսակարար կշիռը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2016թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը:
Ըստ հիմնավորման՝ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ուղղված ՓՄՁ-ի պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՓՄՁ-ի զարգացման խոչընդոտների բացահայտմանն ու վերացմանը` շարունակաբար ներդնելով ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ (գործիքներ):
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է՝ երկրի համախառն ներքին արդյունքում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացում, ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության շրջանակների ընդլայնում և նրանց մրցունակության բարձրացում, նրանց կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) տեսականու ընդլայնում և դրանց բազմազանեցում, նոր ապրանքատեսակների արտադրության և ծառայությունների մատուցման քանակական ու որակական աճ և դրանց արտահանման ծավալների ավելացում:
Բացի այդ, ըստ հիմնավորման ակնկալվում է սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ցուցաբերում, ՓՄՁ-ի սուբյեկտների թվաքանակի ավելացում և դրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծում, այդ թվում ՀՀ մարզերում, գործարար ակտիվության բարձրացում ՀՀ մարզերում և այդ նպատակով ցուցաբերվող պետական աջակցության շուրջ 90%-ի ուղղորդում այդտեղ գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին, որն իր հերթին կնպաստի ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրում գործազրկության կրճատմանը, հասարակության միջին խավի ձևավորմանը և աղքատության հաղթահարմանը: