Նազիկ Ավդալյան. «Երեխաները և ուժ են տալիս, և կոտրում մեզ»
Նազիկ Ավդալյանը, երկար տարիներ ապաքինվելով վնասվածքից, վերջապես վերադարձավ մրցահարթակ և կրկին իր բարձրության վրա է՝ վերջերս կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճելով հաղթողի կոչումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա խոսել է իր անցած ճանապարհի ու նպատակների մասին:
«Վնասվածքից հետո վերադարձը շատ դժվար էր: Ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես, քանի որ նման վնասվածքներից հետո մտածում ես՝ արդյոք կկարողանա՞ս կրկնել այն արդյունքները, որոնք ցուցադրում էիր այն տարիներին, երբ երիտասարդ էիր, ոչ մի խնդիր, ոչ մի հոգս չունեիր ու միայն քո պարապմունքի մասին էիր մտածում: Հիմա իրավիճակն այլ է. կարոտում էի երեխայիս, ամուսնուս: Շատ դժվար էր: Գիտեի, որ ծանր է լինելու, բայց որ այդ աստիճան, չէի պատկերացնում: Փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ է ընթանում: Չեմ համարում, որ ավարտել եմ իմ ուղին ծանրամարտում: Դեռ ճանապարհ ունեմ անցնելու:
Գիտեի, որ ամուինս մեկնել է՝ կանգնելու հայ զինվորների կողքին, բայց ասում էր, որ իրեն սահման չեն տարել: Միայն մրցումներից հետո իմացա, որ առաջնագծում է: Ճիշտ է՝ դա ինձ համար անսպասելի նորությունն էր, բայց եթե իր կողքին լինեի, հաստատ նրան հետ չէի պահի այդ քայլից:
Այս պահի դրությամբ ես ու Հռիփսիմեն պետք է Հայաստանը ներկայացնենք Օլիմպիական խաղերում: Տա Աստված՝ ոչ մի վնասվածք չունենանք: Մենք արդեն մայրեր ենք: Եվ երբ իրար հետ խոսում ենք մեր զավակների մասին, եզրակացությունը միշտ մեկն է. նրանք և ուժ են տալիս, և կոտրում մեզ»,- նշեց Ավդալյանը: