Մշակվել է զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու կարգը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, ասաց, թե կարգը մշակվել է, հիմա ներքին շրջանառության մեջ է:
Նախարարի խոսքերով, այդ կարգով նախատեսվում է զոհվածների ընտանիքներին ներգրավվել եկամտաստեղծ գործունեության մեջ. «Դա նշանակում է փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շրջանակներում նախ բացահայտել կարիքները, կատարել համապատասխան ուսումնասիրություն և վերապատրաստում՝ ինչ բիզնեսի կամ եկամտաստեղծ գործունեության մեջ կարող են անձինք ներգրավվել և դրան համապատասխան աջակցության սխեմա ներկայացնել»:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ աջակցության սխեմաները տարբեր են՝ սկսած տեխնիկական աջակցությունից, օրինակ՝ որևէ բնակավայրում մարդը կարիք ունի գյուղատնտեսական տեխնիկայի, որի առկայությունը թույլ կտա նրան ստանալ կայուն եկամուտ: Իսկ եթե քաղաքաբնակ անձիք են, ապա նրանք կարիք ունեն փոքր մշտական բիզնեսի, որպեսզի իրենց եկամուտն ապահովեն: Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր դեպքի համար նախատեսվում է, որ առանձին կարիքների գնահատում և ծրագիր պետք է իրականացվի:
Նա միաժամանակ ասաց, որ խոսքը ոչ միայն ապրիլյան դեպքերի, այլ նաև ազատամարտի ընթացքում բոլոր զոհվածների ընտանիքների մասին է:
«Վստահ եղեք, որ մեխանիզմները, որոնք առաջարկելու ենք, ունենալու են նաև անհրաժեշտ ֆինանսական ապահովվածություն: Մենք այսօր բյուջեով կիրականացնենք որոշակի ծրագրեր, միաժամանակ բաց կպահենք նաև մասնավոր փոխանցումները, նաև աշխարհասփյուռ հայության փոխանցումները, իհարկե մենք որևէ մեկին չենք խնդրում փոխանցեն, քանի որ բյուջեով կնախատեսվեն այդ միջոցառումները և ժամանակի ընթացքում բոլորին էլ անդրադարձ կլինի»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Նա նաև նշեց, որ կարևոր խնդիր է, որպեսզի նախատեսված աջակցությունը նպատակաուղղեն կոնկրետ ընտանիքի վիճակի բարելավմանը: