ԵՏՄ-ից դուրս գալու նպատակահարմարությունն այս պահին չեմ տեսնում. Էկոնոմիկայի նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու օրինագծին, ասաց, թե ցանկացած նախագիծ շրջանառելու իրավունք կա:
«Ես՝ որպես էկոնոմիկայի նախարար, դրա նպատակահարմարությունն այս պահին չեմ տեսնում: Ավելի՝ կարծում եմ, որ նման ուղերձները կարող են որոշակի շփոթ առաջացնել տնտեսական գործընթացներում, հետևաբար շատ կարևոր է, որպեսզի նման քաղաքականությունը նախ մշակվի ներսում, նոր դրանից հետո հրապարակվի»,- նշեց նախարարը:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ցանկացած նման գործելակերպ ազդում է տնտեսության վրա, քանի որ ձևավորում է որոշակի սպասումներ: «Որպես կառավարության՝ էկոնոմիկայի բլոկի պատասխանատու, ես համարում եմ, որ այսօր դրա անհրաժեշտությունը չկա»,-ասաց նա:
Էկոնոմիկայի նախարարը նկատեց, որ Հայաստանը դեռ չի էլ փորձել ԵՏՄ-ի հիմնական առավելություններից օգտվել:
«Ավելի լավ կլինի մտածենք՝ ինչ մեխանիզմներ գործադրենք, որպեսզի հնարավորություններն ամբողջությամբ իրացնենք: Երբ կսպառվի, նոր կքննարկենք»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Հարցին, թե ինչո՞ւ չենք կարողացել օգտվել առավելություններից, նախարարը պատասխանեց, որ բոլորի մեղավորությունը կա այս հարցում, ներառյալ լրագրողների:
«Անընդհատ փորձում եք, առանձին տնտեսվարողների նույնիսկ սխալ ընթացքի մեջ եք մղում: Երբ որ սխալ ընթացք ենք հաղորդում, նաև տնտեսության մեջ ձևավորում ենք սխալ սպասումներ: Պրոֆեսիոնալ մոտեցումը, սկսած քաղաքական գործիչներից, վերջացրած ցանկացած քաղաքացու պահվածքով, ազդում է տնտեսության վրա: Ժամանակակից տնտեսության հիմնական մոտեցումներից մեկը սպասումներն են: Չի կարելի ամեն ինչ հանուն իշխանափոխության օգտագործել՝ սպանելով նաև հնարավոր դրական զարգացումները»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան