Սերժ Թանկյանի երաժշտությունը՝ «Ավրորային»
«Ավրորա» մրցանակաբաշխության գլխավոր երգը կլինի աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի ստեղծագործությունը՝ «Ավրորայի երազանքը» անունով։ Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից:
«Վերջին տարիների ընթացքում բոլոր իմ ստեղծած երգերից «Ավրորայի երազանքը» ամենասիրելին է: Ես ուրախ եմ, որ այն ստեղծվել է 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնության համար, որն հիանալի գործեր է անում՝ ուշադրություն հրավիրելով ավերիչ ողբերգությունների վրա և կարևորելով այդ իրադրությանն արձագանքող իրական հերոսներին»,- նոր երգի մասին ասել է Սերժ Թանկյանը:
100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը նշել է. «Մենք շնորհակալ ենք Սերժին՝ իր արվեստով մեր նախաձեռնությանը նպաստելու համար: Այս հիանալի ստեղծագործությունը նրա խոնարհումն է Ավրորային՝ այն կնոջը, որի անունով է կոչվում մրցանակը: Նա առաջիններից էր, որ աշխարհում բարձրաձայնեց 1915 թվականին տեղի ունեցած վայրագությունների եւ իր փրկության մասին: «Ավրորա» մրցանակի միջոցով մենք ուզում ենք բարձրաձայնել այն հերոսների մասին, որոնք այսօր են խիզախաբար կյանքեր են փրկում ամբողջ աշխարհում»:
«Ավրորա» մրցանակը կշնորհվի Երևանում, 2016 թվականի ապրիլի 24-ին: Մրցանակն սկիզբ է առել 100 LIVES նախաձեռնությունից, որի հիմքում Հայոց ցեղասպանության ընթացքում մարդկային կյանքերի փրկության եւ հերոսության ոգեշնչող պատմություններ են:
Այս թեման հոգեհարազատ է Թանկյանին, քանի որ նրա ընտանիքը չէր փրկվի առանց ամերիկացի միսիոներների, որոնց հիմնած մանկատանն է մեծացել նրա պապիկը: Թանկյանի մորական տատիկը՝ Վարսենիկը, կոտորածներից փրկվել էր թուրք մայորի խիզախության շնորհիվ, որն իր կյանքը վտանգել էր նրան ու նրա ընտանիքը թաքցնելու համար: Այդ թուրքը հրաժարվել էր կատարել կառավարության՝ հայերին սպանելու և արտաքսելու հրամանները. նրա նման ազնիվ շատ մարդիկ են սպանվել՝ Օսմանյան իշխանություններին չենթարկվելու պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան