Էկոնոմիկայի նախարարը տեղյակ չէ, թե գազի գինը սպառողների համար երբ կնվազի
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե գազի գինը սպառողների համար երբ կնվազի:
«Սակագնի սահմանման իրավասությունը Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովինն է, որը կարող է դա անել կա՛մ ինքնուրույն նման վարույթ նախաձեռնելով, կա՛մ համապատասխան օպերատորից դիմում ստանալով: Այս պահին ինձ հայտնի չէ նման դիմումի կամ ինքնուրույն վարույթի առկայության մասին»,- նշեց նախարարը:
Դիտարմանը, թե Հանձնաժողովից ասում են, որ այս պահին չունեն վավերացված համաձայնագիր, Արծվիկ Մինասյանն ասաց, որ համաձայնագիրը պետք է ներկայացնի օպերատորը, եթե ցանկանում է վերանայում իրականացնել: Նախարարը նշեց նաև, որ տեղյակ չէ՝ սահմանին գազի նվազեցման համաձայնագիրն ուժի մեջ մտել է, թե ոչ:
Հարցին՝ արդյոք անորոշություն չկա՞, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ քանի դեռ գազի գինը փոփոխված չէ, նշանակում է՝ անորոշություն չկա:
«Այն գինն է, որն այսօր գործում է: Ի՞նչ անորոշության մասին է խոսքը: Այն, որ գազի գնի իջնելը միանշանակ մեր տնտեսությանը ձեռնտու է, բոլորդ եք համոզված դրանում: Բայց դա չի նշանակում, որ անորոշություն կա: Անորոշություն չկա»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան