Տարածք գոյություն չունի, կա հայրենիք. Գ.Գինոսյան
«Հենց այսօրվանից Հայաստանում պետք է ռազմարդյունաբերության հիմքը դրվի, ազգովի նպաստենք, որպեսզի այդ ոլորտը զարգանա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Նա նշեց, որ պետք է օր առաջ մտածել խնդիրների լուծման մասին, որպեսզի վաղվա Հայաստանը լինի անվտանգ:
«Որոշ մտավորականներ խոսում են տարածքներ հանձնելու մասին, որպեսզի Արցախի անկախությունն ամրագրվի: Մոռացեք, որ որևէ մեկը կամրագրի Արցախի անկախությունը՝ սկսած Հայաստանից»,- ասաց նա՝ հիշեցնելով դերասան Սոս Սարգսյանի խոսքերն ուղղված ադրբեջանցիներին, որ Ադրբեջանի համար Արցախը տարածք է, հայերի համար՝ հայրենիք:
«Տարածք գոյություն չունի, կա հայրենիք, որը որևէ կերպ վերադարձնելու որևէ հարց չպետք է բարձրանա»,- նշեց Գ.Գինոսյանը՝ հավելելով, որ պատերազմի դաշտում աննշան տարածքներ, դիրքեր չեն լինում:
Ասուլիսին ներկա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով, հայ ժողովուրդը հստակորեն որոշել է, որ կանգնելու է մինչև վերջ:
«Այս չորսօրյա պատերազմը փաստեց, որ բոլորս ենք պատրաստ կանգնել այդ որոշման կողքին: Իսկ մեր զինվորները ցույց տվեցին՝ ոչ մի քայլ հետ, պարզապես ամուր կանգնել մինչև վերջ»,- ասաց նա:
Ըստ Տեր Եսայիի, կարևոր է ստեղծված իրավիճակից դասեր քաղել, շտկել այն բացերը, որոնք եղել են մինչ այս պահը. «Կարողանանք ճիշտ գնահատել այն բացերը, որոնք այդ օրերին եղան: Պետք է գործով շտկել դրանք, առաջին հերթին խնդիրը դնել սահմանին կանգնած զինվորի անվտանգության ապահովման վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան