Լավրովի ասածները տրամաբանական են. Դաշնակցական
Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան հայտարարությունները տրամաբանական է համարում:
«Ես, իհարկե, չեմ կարող մեկնաբանել երկու արտգործնախարարների անձնական քննարկումները, բայց ասուլիսում Լավրովի հայտարարությունները տրամաբանական էին, այո, պետք է մինչև վերջ հարգել բոլոր պայմանագրերը, համաձայնագրերը», -այսօր Ազգային ժողովում ճեպազրույցում հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
Նրա խոսքով, հարգել նշանակում է խստորեն հետևել միջազգային բոլոր փաստաթղթերին, որոնք իրավունքի ուժ ունեն:
«Եթե որևէ կողմը չի հարգում այդ փաստաթղթերը, ապա պետք է ընդունել համապատասխան գնահատականներ, համապատասխան մեխանիզմներ՝ սաստելու, թույլ չտալու տվյալ երկրին շարունակել այդ քաղաքականությունը», -հավելեց պատգամավորը:
Դաշնակցականի պնդմամբ, Հայաստանը պետք է խնդիր դնի՝ չբանակցել, եթե կրակում են:
«Հայաստանը պետք է պնդի՝ չի կարող լինել բանակցություն, որևէ քննարկում, եթե ամեն օր կրակում են, ամեն օր մարդիկ են զոհվում, և Ադրբեջանը տարիներ շարունակ իր թշնամանքն ու հայատյացությունն է դրսևորում»,- նկատեց նա:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համապարփակ ծրագիր պետք է լինի, կարծում է դաշնակցականը, հետևաբար դրանում ներառված կետերը իրարից չպետք է առանձնացնել:
Բայց մինչ այդ, ըստ պատգամավորի, անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը զսպել, իսկ դա հնարավոր է անել հետաքննության հստակ մեխանիզմներ ներդնելով, ինչին Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է:
«Քանի դեռ հստակ մեխանիզմներ չկան, Հայաստանը պետք է ասի, որ չի մասնակցում բանակցություններին: Շատ կարևոր է նաև, որ Հայաստանը նախ շարունակի ՀՀ նախագահի այն հանձնարարությունը կատարել ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու առումով, բացառել ուժի կիրառման սպառնալիքը և ներդնել այնպիսի մեխանիզմներ միջազգայնորեն ընդունված, որոնք կապացուցեն՝ ով է մեղավոր, ով է խախտել համաձայնագրերը», -հայտարարեց Աղվան Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը կարևորեց միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը
- Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել. Լավրով
- Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ պատերազմի. Լավրով