Պապյան. Ամենայն հավանականությամբ Գերմանիան այս տարի կճանաչի Հայոց Ցեղասպանությունը
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը հավանական է համարում, որ Գերմանիան այս տարի կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:
«Ավելին, հիմա Գերմանիայում քննարկվում է որոշակի հատուցումներ տալու խնդիրը: Եթե հանցակից երկիրն ընդունում է մեղքը ու հատուցումներ է տալիս, ուրեմն ցեղասպանություն կատարած երկիրը պետք է հատուցում տա ու տա»,-«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց. դիտարկումներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Պապյանը:
Բանախոսը նշեց, որ մինչ այս պահը քննարկումներն ընթացել են ճանաչման ու ոչ թե հատուցման վերաբերյալ:
«Ոչ միայն Թուրքիայի դաշնակիցներն են մեղավոր, այլև մեղավոր են նրանք, ովքեր միջազգայնորեն ստանձնել էին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Դրանք Բրիտանական ու Ռուսական կայսրություններն էին, այդ մասին չպետք է մոռանանք»,-ասաց Պապյանը:
Կենտրոնի ղեկավարի խոսքով, Ցեղասպանության ճանաչումը գործընթացի նախնական օղակն է, բայց ոչ բուն խնդիրը. «Մեր իրավունքների հիմքում Ցեղասպանության ճանաչումը չէ, մեր իրավունքների հիմքում սեփականության իրավունքն է, դրան վերաբերող փաստաթղթերը»:
Պապյանն այս առումով մատնացույց արեց Իսրայելի օրինակը, երբ վերջինս Հոլոքոստի մասին բարձրաձայնելով ոչ միայն նյութական, այլև անվտանգության խնդիր է լուծում. «Իսրայելը լավ է հասկանում, որ աշխարհի ու Եվրոպայի վրա դնելով մեղավորության զգացումը, նաև անվտանգության խնդիր է լուծում: Մեր պարագայում սա ևս կարևոր խնդիր է, մենք պետք է անընդհատ շեշտենք Հայոց Ցեղասպանության ու Հայոց պետականության անվտանգության հարցերը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան