Թանգարանը գիտական ոլորտում երկու լուրջ հաջողություն արձանագրեց. ՀՑԹԻ փոխտնօրեն
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գիտական աշխատանքների առումով նախորդ տարի երկու մեծ հաջողություն արձանագրեց: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
«Ցանկացած գիտական հիմնարկ իր աշխատանքը ցուցադրում է կազմակերպվող կոնֆերանսների միջոցով և միջազգային կոնֆերանսներին մասնակցությամբ: Այդ ոլորտում նախորդ տարի մենք արձանագրեցինք երկու մեծ հաջողություն: Առաջինը՝ Հայաստանում անցկացված Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հերթական կոնգրեսն էր, որը շատ մեծ պատիվ և գնահատական էր մեզ համար, երկրորդը՝ Մոսկվայում անցած տարի աշնանը անցկացրած Մոսկվայի Նախիջևանի թեմի հետ համատեղ կոնֆերանսն էր՝ Ցեղասպանության վերաբերյալ»,-նշեց Սուրեն Մանուկյանը:
Մոսկվայում անցկացվող կոնֆերանսի կարևորությունը շատ մեծ էր նրա խոսքերով, քանի որ գիտական շրջանակում Հայոց ցեղասպանության թեման այնտեղ այդքան էլ ընդգրկված չէ. «Մենք շարունակելու ենք այս թեման ռուսական գիտական շրջանակներում ավելի հետաքրքիր դարձնելու քայլերը»:
Գիտական ոլորտում նա շատ կարևորեց նաև գրքերի և ամսագրերի տպագրությունը:
«Շատ կարևոր է նաև մեր կրթաթոշակների տրամադրման նախաձեռնությունը: Մեր թանգարանը, իհարկե, այդքան էլ հարուստ չէ, սակայն այդ սուրբ գումարները հատկացվում են ճիշտ ուղղություններով, այդ առումով շատ կարևոր է այն դրամաշնորհը, որ մենք ենք տրամադրում մասնագետներին»,-նշեց Մանուկյանը:
ՀՑԹԻ փոխտնօրենը նաև հավելեց, որ թանգարանի աշխատակիցների մեջ ավելանում են գիտության թեկնածուները, ինչը թանգարանին գիտական դարբնոց դառնալու և կադրեր պատրաստելու լուրջ ճանապարհ է տալիս:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին