«Aurora Dialogues». «Հայաստանից աշխարհին ներկայացվելու է նոր նյութ»
Երևանում ապրիալի 23-ին կայանալիք «Aurora Dialogues» քննարկումներին մասնակցելու են մարդիկ, ովքեր յուրաքանչյուր օր առերեսվում են ցեղասպանության հանցագործությունների հետևանքներին, այն վերապրած մարդկանց ճակատագրերի հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Երևանում կայանալու է «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությունը: Ապրիլի 23-ին կազմակերպվելու է «Aurora Dialogues» քննարկումները, որն անցկացվում է Երևանում նույն օրը ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի շրջանակներում և հովանու ներքո:
«Կարծում եմ՝ այդ երկխոսությունը կարող է երկարատև գործընթացի հիմք դառնալ: Մենք` որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, որպես պետություն, կարող ենք միջազգային օրակարգում սկսել հետապնդել միջազգային իրավունքի անպիսի վերանայման գործընթաց, որը կբերի ցեղասպանության հանցագործության վերապրողների իրավունքների պաշտպանության միջազգային ընթացակարգերի ամրապնդմանը: Դա է մեր նպատակը»,- ասաց Վ.Սարգսյանը:
Ասուլիսին ներկա 100LIVES և «Ավրորա» նախաձեռնության գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը նշեց, որ այդ միջոցառման ընթացքում առաջին անգամ կներկայացվի մի նոր նյութ, որը միջազգային հետաքրքրություն կունենա: Ըստ նրա, խոսքը The Humanitarian Index -ի (Մարդասիրության ցուցանիշ) մասին է, որը կփորձի աշխարհին հայտնել, թե հումանիտար որ թեմաներն են այսօր ավելի հետաքրքիր հասարակությանը, որ երկրներում որ թեմաներն են ավելի շատ հուզում, որքանով է հասարակությունը ճիշտ կամ սխալ հասկանում և ընկալում հումանիտար թեմաները:
«Շատ կարևոր է, որ այդ նոր նյութը Հայաստանից է, և նոր ինֆորմացիա ենք ներկայացնում աշխարհին: Այն փաստը, որ այս նյութը գալիս է Հայաստանից, «Ավրորա» մրցանակից, որը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, Հայոց ցեղասպանության թեման նորովի է բարձրացնում, այն ստանում է միջազգային նոր հնչողություն»,- նեց Արման Ջիլավյանը:
Ապրիլի 23-ին 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը կազմակերպում են Aurora Dialogues քննարկումներ՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների և մարդասիրության ոլորտում հայտնի անձանց մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։ լույթների, քննարկումների և հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու և ավելի լավ ապագա ձևավորելու կարևորությանը։ Կքննարկվեն մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը և հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։ Այս քննարկումները հնարավորություն են տալիս «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերին մտքեր ու տեսակետներ փոխանակել վերոնշյալ մարտահրավերներին դիմագրավելու լավագույն ուղիների ընտրության շուրջ։ Aurora Dialogues քննարկումներն ուղիղ կհեռարձակվեն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն:
«Ավրորա» մրցանակի մասին
Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Էլի Վիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։
Հարակից հրապարակումներ`
- Գլոբալ ֆորումում քննարկումն ընթանալու է ցեղասպանության հանցագործության հարցի շուրջ. Վ.Սարգսյան
- Համաշխարհային մարդասիրական ասպարեզի բացառիկ գործիչները ժամանում են Հայաստան
- Փախստականների ճգնաժամ. ընկալումն ու իրականությունը` ըստ հետազոտության
- Շառլ Ազնավուրը Հայաստանում է
- «Ավրորա» մրցանակաբաշխության երաժշտական ղեկավարը կլինի Սերգեյ Սմբատյանը
- Սերժ Թանկյանի երաժշտությունը՝ «Ավրորային»
- Aurora Dialogues. մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ
- «Ավրորա»-ի հավակնորդները
- 100 LIVE-ն սկսում է «Ավրորա» համաշխարհային մրցանակի հավակնորդների առաջադրումը