Երկլեզու պատկերագրքի և ֆիլմի շնորհանդես` «Պատասխան` 100 տարի անց» համալիր ծրագրի շրջանակում
ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Պատրաստվել է նաև 2015թ. հունիսին Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության մասին պատմող «Մենք կգանք» տեսաֆիլմը, որտեղ առաջին անգամ կհնչի հայի և Վանա լճի հանդիպումը ներկայացնող համանուն երգը` սփյուռքահայ երաժիշտներ Սիպիլի և The Beautified project խմբի կատարմամբ։
Պատկերագիրքը ներառում է Հայոց ցեղասպանության տարիներին գրված անպատասխան տասը նամակ, 100 տարի անց հայ և օտարազգի անվանի գործիչների՝ դրանց ուղղված պատասխան–արձագանքներ՝ նամակներ և կերպարվեստի գործեր, բացառիկ նյութեր և արխիվային լուսանկարներ։ Պատկերագրքի երկրորդ բաժնում ներկայացված են Հայոց ցեղասպանության վավերագրերի թեմաներով «Անցյալը՝ ներկայում» կերպարվեստի աշխատանքների մրցույթի լավագույն քսան վավերաքանդակներն ու վավերանկարները։
«Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքի գաղափարի և «Մենք կգանք» ստեղծագործության հեղինակը համալիր ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանն է: Պատկերագրքում ընդգրկվել են մեկ տասնյակից ավելի հեղինակների աշխատանքներ` թեմատիկ հոդվածներ և մտորումներ:
«Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքի և «Մենք կգանք» տեսաֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Շնորհանդեսի պատվավոր հյուրերի շարքում էին Տիգրան Մանսուրյանը, Սերժ Ավետիքյանը, Հասմիկ Պապյանը, Վերժինե Սվազլյանը և ուրիշներ:
Առանձին ելույթներից բացի, շնորհանդեսի ժամանակ անվանի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սերժ Ավետիքյանը կարդացել է Հայոց ցեղասպանության նահատակ հայ մտավորական գործիչ Գարեգին Խաժակի վերջին ճառը, որով նա հրաժեշտ է տվել իր բանտակից ընկերներին` անխուսափելի մահապատժից առաջ: Այնուհետև տեղի է ունեցել պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողություն, որից հետո ցուցադրվել է «Մենք կգանք» տեսաֆիլմը: Նույն օրը ցուցադրվել է «Անցյալը` ներկայում» կերպարվեսի մրցույթի մասնակիցների` Արևմտյան Հայաստանը ներկայացնող էսքիզների հավաքածուն, որը նույնպես ներառված է «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում:
«Մարդկության դեմ իրագործված վայրագության՝ Հայոց ցեղասպանության մասին աղաղակող յուրաքանչյուր վկայություն քաղաքակիրթ աշխարհին ներկայացվող ուղերձ է. լինի դա նամակ, լուսանկար, հոդված, թե՝ գիրք: Այսօրինակ ծրագրերով մենք ոչ միայն մեր՝ սերունդների պարտքն ենք կատարում անմեղ նահատակների առջև, այլև ձգտում ենք կանխել հրեշավոր դեպքերի կրկնությունը՝ որևէ ազգի նկատմամբ: Համոզված եմ, որ քաղաքական շահերի թակարդում հայտնված որոշ երկրներ տարիներ անց ստիպված կլինեն «նահանջել» այդ փաստերի ծանրության տակ և խախտել հարյուրամյա լռությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: