«Ղարաբաղ, Կոսովո, Կիպրոս. ելքի որոնում». Die Presse
Ավստրիական Լյուդվիգ Բոցմանի անվան պատերազմների հետևանքների հետազոտության ինստիտուտի գիտական աշխատակից Քիստոֆ Բենեդիկտերը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը հնարավոր է լուծել էթնիկ-տարածքային սկզբունքով տարածքների համամասնորեն բաժանման միջոցով: Իր տեսակետը փորձագետը նկարագրել է Die Presse պարբերականում հրապարակած հոդվածում:
«Ադրբեջանին չհաջողվեց տարածքներ գրավել, սակայն հարձակումը մի նպատակի այնուամենայնիվ հասավ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կրկին գլխավորեց այն հակամարտությունների ցուցակը, որոնք անհրաժեշտ է կարգավորել»,-ամփոփելով ապրիլ ամսվա սկզբին տեղի ունեցած էսկալացիան, գրում է հեղինակը:
«Արևմտյան երկրները չունեն հակամարտությունը կարգավորելու համար համապատասխան լծակներ և մոդելներ, քանի որ նրանց առաջարկները կիրառելի չեն հենց արևմտադեմոկատական սկզբունքների տեսանկյունից»,-համոզմունք է հայտնում փորձագետը:
Մասնավորապես` ըստ Բենեդիկտերի` Ադրբեջանն իր պահանջները փորձում է հիմնավորել միջազգային իրավունքին հղում կատարելով, «սակայն հենց նույն այդ իրավունքների տեսանկյունից լեգիտիմ է նաև Լեռնային Ղարաբաղի անկախություն ձեռք բերելու ձգտումը, առավել ևս, որ Ադրբեջանն անկախություն ձեռք բերելուց հետո երբեք չի տիրապետել Ղարաբաղին»:
«Դեռ ավելին, Լեռնային Ղարաբաղն, ըստ էության, ժողովրդավար պետական միավորում է, որտեղ պարբերաբար ազատ ընտրություններ են անցկացվում: Իսկ Ադրբեջանն, իր հերթին, համարվում է ավտորիտար պետություն, որը դեմոկրատական ազատությունների գնահատման տեսանկյունից հայտնվում է Սաուդյան Արաբիայի և Իրանի կողքին»,-ընդգծում է հեղինակը:
Մասնագետն առաջարկում է տարածքը բաժանել ըստ բնակչության համամասնության` ելնելով նրանից, որ 1990թ-ին Լեռնային Ղարաբաղում բնակվում էին 70% հայեր և 22% ադրբեջանցիներ:
«Որքան էլ տարօրինակ հնչի այս տեսակետը, սակայն հենց այդ սկզբունքն է դրված եղել 2002թ-ին ՄԱԿ կողմից Կիպրոսի համար մշակված խաղաղության պլանի հիմքում: Այս սկզբունքի կյանքի կոչման պարագայում Ադրբեջանը կկարողանա վերադարձնել իր տարածքի մի մասը, իսկ Ղարաբաղը չի հայտնվի Ադրբեջանի վերահսկման տակ, ինչն իր հերթին կերաշխավորի հայ բնակչության գոյությունը: Իսկ Հայաստանը ԼՂ-ի հետ միասին հնարավորություն կստանա վերադասավորել սեփական տնտեսությունը և քաղաքականությունն այլ նպատակների վրա»,-նշում է Բենեդիկտերը: