Կրթությունը հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդման ու տարածաշրջանի զարգացման հիմնաքար. նախարար
«Ես համոզված եմ, որ մեր բարդ տարածաշրջանում հենց կրթությունն է այն հիմնաքարը, որ կնպաստի հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդմանն ու տարածաշրջանի հետագա զարգացմանը»,-նշել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն՝ այսօր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Նախարարը նշել է Հայաստանի ամերիկյան համալսարանի դերը մեր կրթական համակարգում` ընդգծելով, որ Ամերիկյան համալսարանն իր ձևավորման օրվանից նոր կրթական չափանիշ և որակ բերեց բարձրագույն կրթության համակարգում` խթան դառնալով նաև մյուս համալսարանների համար: Միաժամանակ, նախարար Լ. Մկրտչյանը ցանկություն է հայտնել ամերիկյան մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում:
Իր հերթին դեսպան Ռիչարդ Միլսը գոհունակություն է հայտնել կրթության ոլորտում առկա հայ-ամերիկյան համագործակցության մակարդակից:
Խոսելով անկախության տարիներին կրթական մի համակարգից մյուսի անցման ճանապարհի մասին` Լևոն Մկրտչյանը նկատել է, որ կառուցվածքի առումով Հայաստանի կրթական համակարգը գրեթե ամբողջությամբ ձևավորվել է, սակայն մեծ անելիքներ կան բովանդակության ապահովման ուղղությամբ:
Ընդ որում, նախարարը նշել է, որ կրթական նոր համակարգի ձևավորման գործում մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգները, Համաշխարհային բանկն` իր վարկային ծրագրերով, մասնավորապես ՀԲ վարկային ծրագրով նախատեսվում է իրականացնել հանրապետության մի շարք դպրոցների նորոգման աշխատանքներ: Նախարարը ցանկություն է հայտնել՝ ՀԲ-ի հետագա վարկային ծրագիրն ուղղորդել կրթության որակի բարձրացմանը միտված նախաձեռնություններին, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության և ավագ դպրոցի բովանդակության և որակյալ կրթության ապահովմանը:
«Միայն որակյալ կրթություն ստանալու միջոցով է, որ հաջորդ սերունդը կարող է կերտել ու ամրապնդել Հայաստանի ապագան: Հպարտ ենք, որ աջակցում ենք նախարարությանը՝ երեխաների պաշտպանության ազգային բարեփոխումների ու ներառական կրթության ասպարեզներում, լիահույս ենք, որ այսուհետ առավել կխորացնենք մեր գործընկերությունը կրթության ոլորտի հետագա զարգացմանը միտված ձեր նախաձեռնությունների շրջանակում»,-ավելացրել է ԱՄՆ դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան