Չի կարելի բացառել, որ ինչ-որ մի ժամանակից Թուրքիան ևս ցանկանա մասնակցել երևանյան ֆորումին. Ա.Զաքարյան
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երևանյան առաջին ֆորումի ժամանակ ընդունված հռչակագիրը, ինչպես նաև այն նախագիծը, որը պետք է ընդունվի երկրորդ ֆորումի ժամանակ, լիարժեքորեն անդրադառնում են ցեղասպանության կանխարգելման բոլոր միջոցներին, իսկ դրանց մեջ ճանաչումն ու դատապարտումը կարևորագույն գործիքներից են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Երևանում ապրիլի 23-ին կայանալիք գլոբալ ֆորումի մասնակիցները չեն պատրաստվում կոչով դիմել Թուրքիային, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Մենք պարզապես վստահ ենք, ինչպես պնդում են շատ ցեղասպանագետներ, ցեղասպանությունը շարունակվում է այնքան ժամանակ, որքան շարունակվում է դրա ժխտումը, որքան շարունակվում է պատմության կեղծումը: Դրանք նախադրյալներ են ցեղասպանության հանցագործության շարունակման կամ վերսկսման, հետևաբար, կարծում եմ, հատկապես Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն ակամայից լինելու է քննարկումների առանցքում, բայց ոչ միայն Թուրքիայի և Հայոց ցեղասպանության պարագայում, այլ բոլոր այն դեպքերում, երբ կա ցեղասպանության հանցագործություն, այն նախապատրաստողների, իրականացնողների, դրա հետ կապված խնդիրների ողջ համացանցի քննարկման առումով»,- ասաց Վ.Սարգսյանը:
Ասուլիսին ներկա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ առհասարակ ցեղասպանությունների խնդիրը պահելով ուշադրության կենտրոնում, Հայոց ցեղասպանությունը կամա թե ակամա լինում է բոլոր տիպի ցեղասպանությունների դեմ պայքարի կանխարգելման, դրանց ճանաչման, դատապարտման խնդիրների շարքում որպես առաջնային խնդիր:
Ըստ նրա, նախորդ տարի ընդունված երևանյան հռչակագիրը, այս տարվա նախագիծը, հետագա աշխատանքներն իրենց ուղղակի և անուղղակի դրույթներում միշտ պարունակելու են Հայոց ցեղասպանության խնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար:
«Չի կարելի բացառել, որ ինչ-որ մի ժամանակից Թուրքիան ևս հետաքրքրված կլինի իր կառուցողական մասնակցությունը բերել այս ֆորումի աշխատանքներին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Երևանում կայանալու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը:
Հարակից հրապարակումներ`
- Գլոբալ ֆորումում քննարկումն ընթանալու է ցեղասպանության հանցագործության հարցի շուրջ. Վ.Սարգսյան
- Չի բացառվում, որ ապրիլի սկզբի իրադարձություններն իրենց արտացոլումն ունենան գլոբալ ֆորումի ընթացքում. փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին