Արցախյան կողմը պետք է վերականգնի իր կարգավիճակը՝ որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ. Կ. Միրզոյան
«Մենք համոզված ենք, որ ցանկացած փաստաթուղթ, որի քննարկմանը և մշակմանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ուղղակի կենսունակ չէ»։ Այս մասին նշել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ նախօրեին ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ԼՂՀ-ն ինչպիսի՞ պաշտոնական տեսակետ ունի Մադրիդյան սկզբունքների մասին: Հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Եվ դա ոչ միայն համոզմունք է, այլև տրամաբանական եզրակացություն։ Հենց դրա համար էլ մենք պնդում ենք, և դուք գիտեք մեր պաշտոնական տեսակետը, որ արցախյան կողմը պետք է վերականգնի իր կարգավիճակը՝ որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ։ Եվ բանակցային գործընթաց ասելով մենք հասկանում ենք նրա բոլոր փուլերը. որոշակի գաղափարներ առաջ քաշելը, ընդհանուր բանակցային փիլիսոփայության մշակումը, այդ ձեռք բերված պայմանավորվածությունների, եթե հնարավոր է լինում, համատեղ քննարկում, համաձայնեցում և, ինչու չէ, նաև կիրառում, այսինքն՝ կյանքի կոչել»,-նշել է ԼՂՀ ԱԳ նախարարը։
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչ կարող է ասել Ռուսական «Известия» պարբերականի հրապարակած ղարաբաղյան կարգավորման Պուտինի կամ Լավրովի պլանի մասին, նա նշել է. «Նախ՝ շնորհակալություն արտաքին քաղաքական ոլորտի նկատմամբ ձեր արտահայտած հետաքրքրության համար։ Այո, տեղյակ եմ «Известия» օրաթերթում հրապարակմանը, իհարկե տեղյակ եմ, ընթերցել եմ։ Բայց արտաքին քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս մենք առաջնորդվում ենք ոչ թե այս կամ այն թերթային հրապարակումով։ Հիշեցնեմ, որ այս օրերին, ինչպես և նախօրեին, բազմաթիվ հրապարակումներ են եղել իրարամերժ, նույնիսկ իրար շատ խիստ հակասող։ Մենք առաջնորդվում ենք պաշտոնական հայտարարություններով. նույն նախարար Լավրովի, համապատասխան այլ պաշտոնյաների։ Եվ ես խորհուրդ եմ տալիս առաջնորդվել հենց այդ հայտարարություններով, այլ ոչ թե այլևայլ թերթային հրապարակումներով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան