Պարզվեց, որ այցելել եմ Ավրորայի զարմուհու տուն. Դեմոյան
«Ինձ հաճախ են հարցնում, թե ո՞վ է Ավրորան»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանն՝ անդրադառնալով «Ավրորա» մրցանակաբաշխությանը՝ նշելով, որ առիթից օգտվելով կարճ կներկայացնի նրա պատմությունը:
«Այս պատմությունը համարեցինք բացառիկ և սկսեցինք 2009 թվականից հետազոտական աշխատանքներ տանել, որպեսզի կարողանանք մեկ անձի պատմությամբ վերարտադրել և ներկայացնել մեկ ամբողջ ժողովրդի պատուհասած ողբերգությունը, շատ պարզ բանաձև էր և շատ մարդկային: Սա առաջին հերթին մարդկային խիզախության պատմություն է»,-ասաց Դեմոյանը:
Նա պատմեց, որ տասնվեց տարեկան աղջիկը տարբեր փորձությունների, թուրքական գեհենի միջով անցնելով, օտար միջավայրում է հայտնվում և այնքան վճռականություն է իր մեջ գտնում, որ երեք տարի անց իր պատմությունը վերարտադրում է ֆիլմի տեսքով՝ խաղալով իր իսկ դերը:
Հետազոտական աշխատանքներից խոսելով՝ Դեմոյանը պատմեց. «2011 թվականին, երբ ես Կալիֆորնիայում էի, հայրենակիցներից մեկը հարվիրել էր իրենց տուն, որպեսզի իրենց գրադարանի հայալեզու միավորումները հանձնի թանգարանին: Մենք գնացինք, մեծաքանակ գրքեր ընտրվեց, և երբ պատրաստվում էինք դուրս գալ, տանտիկինը խնդրեց սպասել և մի արկղ էլ բերեց, որի մեջ ակնհայտ էր, որ գրքեր չէին: Առաջին թուղթը, որ բարձրացրի, ուղղակի կարկամեցի: Արկղում բնօրինակ լուսանկարներ էին, որի առաջին նկարը Ավրորայի ընտանեկան լուսանկարն էր, որը եղեռնից առաջ ընտանիքը ուղարկել էր իրենց բարեկամներին: Այնուհետև պարզվեց, որ այցելել եմ Ավրորայի զարմուհու տուն՝ չիմանալով այդ մասին»:
ՀՑԹԻ տնօրենը հայտնեց, որ այդ անգին, ահռելի հավաքածուն բերվեց թանգարան, իսկ հետո պարզվեց, որ տարբեր մարդկանց մոտ կան Ավրորայի իրերը, զարդերը, Աստվածաշունչը:
«Հայտնաբերվեց նաև Ավրորայի այդ ֆիլմի կենդանի գովազդը, թե ինչպես են հրավիրում մարդկանց դիտելու ֆիլմը: Ֆիլմը բավականին մեծ հասույթ ապահովեց, որն ուղղվեց որբերին օգնելու»,-նշեց նա:
Դեմոյանը տեղեկացրեց նաև, որ երկու ամսվա ընթացքում Կալիֆորնիայում նկարահանվեց «Հոգիների աճուրդ» ֆիլմը և միջազգային հռչակ բերեց Ավրորային. «Այժմ աշխատանքներ են տարվում ֆիլմի լիակատար տարբերակը հայտնաբերելու ուղղությամբ»:
Նա տեղեկացրեց, որ «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ «Ավրորայի ճանապարհը» գիրքը անգլերեն տարբերակով կնվիրվի մրցանակաբաշխության մասնակիցներին: Գրքի ռուսերեն և հայերեն տարբերակերը լույս կտեսնեն մեկ ամսվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Թանգարանը գիտական ոլորտում երկու լուրջ հաջողություն արձանագրեց. ՀՑԹԻ փոխտնօրեն
- Դեմոյանը՝ ՀՑԹԻ ընթացիկ և հետագա նախագծերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան