Դեմոյանը՝ ՀՑԹԻ ընթացիկ և հետագա նախագծերի մասին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատանքներն անընդհատ են: Այսօր՝ ապրիլի 24-ից առաջ, ավանդական դարձած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով թանգարանի ընթացիկ և հետագա նախագծերին:
Կատարված աշխատանքներում ամենակարևորներից Դեմոյանն առանձնացրեց ՀՑԹԻ նոր ցուցադրության բացումը. «Դրա հետ կապված շատ դրվատանքի և գովեստի խոսքեր ենք լսել: Ուշի ուշով հետևել ենք նաև քննադատություններին և առաջարկություններին»:
Նա հայտնեց, որ մշտական ցուցադրությունը բացվել է անցած տարի ապրիլի 21-ից և արդեն ունեցել են 180 հազար այցելու, որոնցից 1500-ը՝ Թուրքիայի քաղաքացիներ:
«Աշխարհի շուրջ հիսուն քաղաքներում ներկայացրել ենք ժամանակավոր ցուցադրություններ ցեղասպանության մասին, իսկ մայիս ամսին Հայոց ցեղասպանության թեմայով մշտական ցուցադրություն է բացվելու Ռիգայում, ինչը կլինի երկրորդ մշտական ցուցադրությունը»,-նշեց Դեմոյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ համագործակցության առաջարկություններ են ստացել և տարբեր երկրների միջազգային վարկանիշ ունեցող թանգարանների հետ պայմանագրեր են ստորագրել:
«Պայմանավորվածություն կա նաև փոխանակվել գիտական կադրերով, ցուցադրություններով: Մեր ծրագրերը շատ են, այս տարի կավարտի նաև եռալեզու հանրագիտարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այսօր և գրադարանի հավաքածուով, և ֆոնդային միավորումներով ունենք միջազգային հեղինակություն վայելող հայաստանյան հաստատություն, ինչը մեզ ոչ թե բավարարում է, այլ պարտավորեցնում»,-հավելեց ՀՑԹԻ տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան