Էրդողանին վիրավորելու համար այս անգամ մեծ աղմուկ է բարձրացել Հոլանդիայում
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի թուրքական հյուպատոսարանը զայրացրել է հոլանդացի պատգամավորներին։ Հյուպատոսարանը թուրքերին կոչ է արել թեժ գծով տեղեկատվություն հաղորդել այն անձանց մասին, ովքեր վիրավորանքներ են հասցրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Մի քանի պատգամավորներ բողոքել են «Թուրքիայի երկար ձեռքերից», մինչդեռ Հոլանդիայի վարչապետն այս քայլն անվանել է «տարօրինակ»։
Նախորդ շաբաթ Գերմանիան թույլ տվեց դատական գործընթաց սկսել գերմանացի երգիծաբան Յան Բոհմերմանի նկատմամբ, ով ZDF հեռուստաընկերության եթերում երգիծական բանաստեղծություն էր կարդացել Էրդողանի մասին։
Հոլանդիան ևս, ինչպես Գերմանիան, օրենսգրքում ունի կետ, որը վերաբերում է օտարերկրյա պետության ղեկավարին վիրավորելուն։
Ինչպես գրում է BBC-ն, Թուրքիայի հյուպատոսարանը սկզբում հրաժարվել է մեկնաբանություն տալ, ասելով, որ ատելության հաղորդագրությունների աճ է գրանցվել, սակայն երբ այս պատմությունը աղմուկ բարձրացրեց Նիդերլանդներում, հյուպատոսարանը հայտնեց, թե թյուրիմացություն է տեղի ունեցել։
Նշել են, թե հյուպատոսարանի աշխատակիցը բառերի սխալ ընտրություն է կատարել Նիդերլանդներում թուրքական խմբերին ուղղված հաղորդագրության մեջ և հյուպատոսարանը խնդրել է միայն հայտնել ռասիստական հայտարությունների և արշավների մասին։
Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռուտեն ասել է, որ զարմացած է. «Պարզ չէ, թե ինչի է ուզում հասնել Թուրքիայի կառավարությունն այս գործողություններով»:
Հոլանդիայի ինտեգրման նախարարը մեղադրել է Թուրքիայի դեսպանատանը՝ Նիդերլանդներում խոսքի ազատությանը միջամտելու համար։
Օտարերկրյա պետության ղեկավարին վիրավորելու համար օրենսգրքում առկա կետը Գերմանիայի կանցլերը խոստացել էր հանել մինչև 2018թ․-ը։ Հոլանդիան ևս նախատեսում է վերացնել օրենսգրքից այս կետը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին