Ա. Մելքոնյան. Համահայկական մակարդակով պահանջատիրական խնդիրը հաստատակամ ձևով առաջ է ընթանում
Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը վաղուց ավարտվել է: Նման կարծիք հայտնեց ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց. դիտարկումներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, վերջին տասնամյակի ընթացքում մի շարք մտավորականների, քաղաքական ու հասարակական ուժերի աշխատանքի շնորհիվ խնդիրը տեղափոխվեց իրավաքաղաքական դաշտ, իսկ ճանաչման գործընթացը փոխվեց՝ դառնալով պայքար պահանջատիրության ուղղությամբ:
«Թերևս պետական մակարդակով բավականին բան փոխվեց: Համենայն դեպս 2015-ի հունվարի 29-ը, երբ հրապարակվեց համահայկական հռչակագիրը, կարելի է համարել այն փուլը, որով սկսվում է պետական մակարդակով ճանաչման գործընթացից դեպի իրավաքաղաքական դաշտ անցումը»,-ասաց Մելքոնյանը, ավելացնելով, որ այս ուղղությամբ դրական արդյունքներ նկատում է:
Պատմաբանը հիշեցրեց, որ Թուրքիայի ժխտողականության պայմաններում 1965-ից հետո Հայաստանը ստիպված է եղել զբաղվել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ տանելով, մինչդեռ մեր խնդիրը հատուցումն է, հետևանքների վերացումը:
«Օրակարգում մնում է ոչ միայն նյութական, այլև տարածքային հատուցման խնդիրը: Ես կարծում եմ, որ շատերի մոտ մտայնություն կար, որ 100-րդ տարելիցից հետո պահանջատիրության դիրքերից նահանջ կարձանագրվի, բայց նման բան տեղի չունեցավ: Համահայկական մակարդակով պահանջատիրական խնդիրը, այնուամենայնիվ, դանդաղորեն, բայց հաստատակամ ձևով առաջ է ընթանում»,-ասաց պատմաբանը:
Քննարկման մյուս մասնակից, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ պահանջատիրության ուղղությամբ հայկական կողմի իրականացրած քայլերը դեռ ցանկալիից շատ հեռու են, երբեմն նաև դանդաղ են:
«Բայց, այնուամենայնիվ, մենք երևի թե առաջնորդվում ենք այն կարգախոսով՝ լավ է ուշ, քան երբեք: Թեկուզ ուշացած, բայց դրանք պարտադիր քայլեր են»,-ասաց թուրքագետը:
Նա վստահություն հայտնեց, որ հայկական կողմի պատրաստած փաթեթը պատասխան կտա բազմաթիվ հարցերի, քանի որ այդտեղ խնդիրները ներկայացված են լայն սպեկտորով՝ այդ թվում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ թուրքական իշխանությունների իրականացրած քայլերի համար պատասխանատվությունը:
«Ի դեպ, Թուրքիայի այդ քաղաքականությունն այսօր էլ շարունակվում է»,-ասաց Ռ. Մելքոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան